Այո՛, հոդվածագիրը չի սխալվել, Ամենայն Հայոց Հայրապետը շատ խստապահանջ է շինարարական աշխատանքների նկատմամբ. հերքում

 Տարակուսանքով Հայելի.am կայքում ընթերցեցինք սեպտեմբեր 2-ի և 8-ի «Վեհափառի քմահաճույքները», «Սամվել Կարապետյանը զայրացել ու զարմացել է» հոդվածները:

 Դրանցում մեզ համար անընկալելի պատճառներով տեղ գտած «փաստերն» ու դիտարկումները հերքելի են և աղավաղում են իրողությունները: Լրատվամիջոցի հետ Տեղեկատվական համակարգի հետ ունեցած գործակցության փորձառությունը ենթադրել էր տալիս, որ կարելի էր հոդվածների շարադրելիքը սոսկ ճշտելու համար կապ հաստատել մեզ հետ:
Երևանի Արաբկիր համայնքում եկեղեցու կառուցման աշխատանքների ձգձգումը պայմանավորված է ո՛չ «կաթողիկոսի հաշվենկատության», ո՛չ «մայր գումարը բանկում ապահով պահելու» և ո՛չ էլ «շինարարների հետ Վեհափառի տարաձայնությունների» պատճառով, այլ սոսկ եկեղեցու կառույցների և տարածքի բարեկարգման նախագծերի փոփոխություններով, ինչը հնարավորություն պիտի ընձեռի, որ նորակառույց եկեղեցին լավագույնս ծառայի իր համայնքին և այցելուներին: Այս ամենը կարող է հաստատել նաև նշյալ շինարարական կազմակերպությունը:

 Ինչ վերաբերում է մյուս հոդվածին, հարկ է նշել, որ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ֆինանսավորումը կատարվում է մի քանի հայորդիների և հիմնականում` Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարության շնորհիվ:

 Այո՛, հոդվածագիրը չի սխալվել, Ամենայն Հայոց Հայրապետը շատ խստապահանջ է շինարարական աշխատանքների նկատմամբ, որովհետև որևէ հավատավոր հայորդու նվիրատվություն և հատկացում, լինի դա Սամվել Կարապետյանի կամ այլոց, չի կարող մսխվել և պիտի ծառայի իր նպատակին: Նույն բծախնդրությունը դրսևորվում է նաև տիար Սամվել Կարապետյանի կողմից, ով պարբերաբար այցելում է Սուրբ Էջմիածին և ծանոթանում իր հովանավորությամբ ընթացող Վեհարանի հիմնանորոգման աշխատանքներին, որպեսզի հայոց հոգևոր կենտրոնը միմիայն հպարտության զգացում առաջացնի յուրաքանչյուր հայորդու մոտ և իբրև այդպիսին լավագույնս ներկայանա աշխարհին:

 Խոսքը գնում է Ա. Մանթաշյանի հովանավորությամբ 100 տարի առաջ կառուցված Վեհարանի շինության հիմնովին ամրակայման ու վերանորոգման և ետնամասում Վեհարանի նոր դահլիճի կառուցման մասին: Մնացյալն իրականությանը չի համապատասխանում:

Վահրամ քահանա Մելիքյան
Աղբյուր՝ hayeli.am