Այն, ինչ նվիրաբերվում է Սուրբ Էջմիածնին, ազգի հարստությունն է, ոչ թե անհատների

Ter Vahram - Այն, ինչ նվիրաբերվում է Սուրբ Էջմիածնին, ազգի հարստությունն է, ոչ թե անհատների

 Համացանցում այսօր տեսանյութ է հայտնվել, որում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն 5 կիլոգրամ ոսկուց գավազան է նվեր ստացել։ Տեսանյութը քննարկումների առիթ է դարձել. նշվում է, որ Կաթողիկոսը կարող էր հորդորել հարուստ հայերին այդ գումարները ծախսել առավել խոցելի խմբերի կարիքները հոգալու համար:

Aysor.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ Զատկի տոնից առաջ Ռուսաստանից անհատ ոսկերիչ ու գործարար Գարուն Քոչարյանը Վեհափառ Հայրապետին նվիրաբերել է հայրապետական գավազան։

«Այդ մարդու ցանկությունն է, ու մենք որևէ կերպ իրավասու չենք այդ մարդուն թելադրել՝ ինչ անի: Եթե այդ մարդը ցանկություն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին որևէ ընծա նվիրել, կարծում եմ, որևէ մեկն իրավունք չունի անձին թելադրել, թե ինքն ինչպես տնօրինի իր կարողություններն ու իր ցանկություններն ինչպես կատարի», — նշեց Տեր Վահրամը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենն ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ էլ գումարներ, միջոցներ նպատակաուղղել է և սոցիալական ծրագրերի, և «Հայաստան» հիմնադրամին, նաև՝ Արցախի Հանրապետությանը։

«Հետևաբար, կարծում եմ, անտեղի են բոլոր նման քննադատությունները, ի վերջո, այն, ինչ որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերվում է և պահվում է, դա ազգի հարստությունն է և ոչ թե անհատների: Այսօր այդպիսի գավազաններ, պատմական գավազաններ, տարբեր սրբություններ, որոնք որ իրականում շատ ավելին արժեն, քան այս ընծայաբերված գավազանը, ցուցադրվում են Էջմիածնի թանգարաններում ու բոլորն էլ այցելում ու տեսնում են: Հետևաբար, ֆիքսվել ինչ-որ մի բանի վրա ու դա դարձնել շահարկման առիթ, կարծում եմ, ճիշտ ու բարոյական չէ», — նշեց նա։

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահեցրեց՝ «եթե հարկ լինի, այդ ոսկին էլ կծառայի մեր ժողովրդի կարիքներին»։

Մանրմասները՝ aysor.am կայքում