Ավստրիայի Հայ Եկեղեցու Խորհրդակցություները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ

 Ավստրիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ խորհրդակցությունների շարքը Ավստրիայի Հանրապետության կառավարության անդամների և հասարակական-քաղաքական մարմինների ներկայացուցիչների հետ։ Ս․թ․ նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ խորհրդակցություն Ավստրիայի արտաքին գործերի նախարար պրն․ Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Համավարակի պայմաններից ելնելով՝ հանդիպումը տեղի ունեցավ տեսակապի միջոցով։ Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական համայնքը ներկայացրեցին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանը և Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական համայնքի ատենապետ պրն․ Վահագն Ամիրջանյանը։ Հադիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հակամարտության գոտում ներկա իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հարցում Ավստրիայի Հանրապետության դիրքորոշման վերաբերյալ։
Շնորհակալություն հայտնելով ընձեռված հնարավորության համար, Հայրապետական պատվիրակը բարձր գնահատեց արցախյան հիմնահարցի վերաբերյալ Ավստրիայի Հանրապետության հավասարակշռված և կառուցողական մոտեցումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմա-մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման խնդիրները։ ԱԳ նախարար Շալենբերգը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ անպայման անդրադարձ է կատարվելու նաև այս խնդրին։ Նախարարը նաև հայտնեց, որ պատրաստվում է հատուկ հանձնարարականներ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ավստրիայի դեսպանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով հայկական հոգևոր ժառանգության պահպանության հարցին։
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև Ավստրիայի կառավարության կողմից Արցախի բնակչության համար մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։ Նախարարը տեղեկացրեց, որ Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով 1 մլն (մեկ միլիոն) եվրո դրամական օգնություն տրամադրել պատերազմի հետևանքով տուժածներին։
Հանդիպման ավարտին նախարար Ալեքսանդր Շալենբերգը իր զորակցությունը հայտնեց Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ վստահեցնելով, որ իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու է արցախյան հիմնահարցի արդար ու խաղաղ կարգավորմանը։