Ըստ Ավետարանի` ի՞նչը կարող է ամուսնալուծության պատճառ լինել

 Քրիստոս ամուսնության մասին ասում է. «Ինչ ոչ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19.6, Մարկ. 10.9): Քրիստոս ամուսնալուծության միայն մեկ պատճառ է նշում` շնությունը: Երբ հրեաներն առարկեցին Քրիստոսին` ասելով, որ Մովսեսը պատվիրեց ամուսնալուծության ցանկության պարագայում ապահարզանի թուղթ տրամադրել և ամուսնալուծվել, Տերն ասաց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով այդպես պատվիրեց» (Մատթ. 19.7-8, Մարկ. 10.4-5): Նախկինում հրեաներն այնքան խստասիրտ էին, որ կարող էին անգամ կնոջն սպանել կամ կնոջ կյանքը վտանգել, դրա համար էլ մարգարեն պատվիրեց ապահարզանի թղթով կանանց ազատ արձակել:

 Քրիստոս ասաց. «Ամեն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, նա՛ է, որ նրան շնության է մղում. և ով որ արձակվածին է առնում, շնանում է», «Ով իր կնոջն արձակում է, և դա պոռնկության պատճառով չէ, և ուրիշին է առնում, շնանում է. շնանում է և նա, ով արձակվածին է առնում» (Մատթ. 5.32, 19.9): Քրիստոսի այս արգելքին անդրադառնալով` եկեղեցական հեղինակները բացատրում են, որ Տերն այս կարգադրությամբ ոչ թե ընդհանրապես մերժեց ամուսնալուծության գնալու բացառիկ դեպքերը, այլ արգելեց այդ կարևոր հարցում մարդու անհատական կամքի կամ քմահաճույքի դրսևորումը:

 Եկեղեցին բացի անառակության պատճառից կարգեց ևս մի քանի պատճառներ, որոնցից են ամուսիններից մեկի յոթ տարի բացակայությունը, անբուժելի վարակիչ հիվանդությամբ տառապելը: Հնում, երբ Հայաստանը ենթարկվում էր նաև օտարների ասպատակութ- յունների, պատերազմների, շատեր նաև գերեվարվում էին, և յոթը տարի բացակայությունը կարող էր նշանակել, որ գերե- վարվածն այդ ընթացքում մահացել է, և նրա կողակիցն ազատ է ու կարող է երկրորդ անգամ ամուսնանալ:

 Հատված Ադամ քահանա Մակարյանի «Ոչ միայն հացիվ» գրքից