Աստված չի փառավորում մեկին, որ ուրիշներից է փառք փնտրում

Parasirutyun - Աստված չի փառավորում մեկին, որ ուրիշներից է փառք փնտրում

Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ: (Մատթ. 11:29)

 Քրիստոս ինքնիրեն կոչեց հեզ ու խոնարհ, ուստի Նա չի կարող աշխատել կամ գործակցել մեկի հետ, որ հպարտ ու ամբարտավան է։
Ամբարտավան մարդը անձնապաստան մարդ է, այսինքն, նա մեկն է, որ ինքն իր նկատմամբ կույր վստահություն ունի, մեկը՝ որի հույսը ինքն իր անձն է, մեկը, որի ապավենը ինքն իր կարողություններն են։ Այսպիսի մարդը չի կրող Սուրբ Հոգու օրհնությունը վայելել, որովհետեւ նա ինքն իրեն է օրհնություն համարում։
Աշխարհի մեջ չի ապրել մեկը, որ փորձած լինի ինքն իրեն բարձրացնել, եւ վայելած լինի Աստծո առաջնորդությունը։ Աստված չի մեծացնում մեկին, որի կյանքի նպատակը մեծանալն է։ Չի փառավորում մեկին, որ ուրիշներից է փառք փնտրում։
Աշխարհի ակնոցով դիտելիս հաջող մարդը ա՛յն մարդն է, որ մեծ հարստության տեր է դառնում եւ շրջապատվում կյանքի լավ պայմաններով, իսկ Աստծո ակնոցով դիտելիս հաջող ու երանելի մարդը ա՛յն մարդն է, որ դարձի է գալիս Քրիստոսով եւ ձեռք է բերում փրկություն, քավություն, արդարացում եւ հավիտենական կյանք։
Աստված բարձրացնում է ո՛չ թե ինքն իրեն բարձրացնողին, այլ Իրեն բարձրացնողին։ Փիլիպպեցիներին ուղղված նամակի մեջ կարդում ենք, որ Քրիստոս «ինքն իրեն խոնարհեցրեց եւ Աստծուն հնազանդվեց» եւ «դրա համար էլ Աստված նրան շատ ավելի բարձրացրեց եւ նրան տվեց այն անունը, որ վեր է բոլոր անուններից» (Փլպ. 2.8-9)։
Հովհաննես Մկրտիչը ինքն իրեն խոնարհեցրեց, երբ Քրիստոսի վերաբերյալ ասաց. «Նա ինձնից ավելի հզոր է, եւ ես նրա կոշիկների կապերն իսկ արձակելու արժանի չեմ» (Մտ. 3.11), իսկ Քրիստոս նրան բարձրացրեց ու պատվեց, երբ ասաց. «Վստահ եղեք, որ մարդկանց մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի ծնվել» (Մատթ. 11.11)։
Պողոս առաքյալը անչափորեն խոնարհ անձնավորություն էր։ Երբ նա խոսում է իր եւ առաքյալների մասին ասում է. «Առաքեալների մեջ հետինն եմ ես եւ արժանի իսկ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծո Եկեղեցին հալածեցի» (Ա Կորնթ. 15.9), իսկ երբ խոսում է մեղավորների մասին, ինքնիրեն կոչում է «առաջին մեղավորը» (Ա.Տմ 2.15)։ Տարօրինակ չէ,՞ որ Պողոսի պես մեկը ինքնիրեն նկատում է հետինը առաքյալների մեջ եւ առաջինը մեղավորների մեջ։ Մարդիկ ընդհանրապես հակառակն են անում։ Մարդիկ միշտ ուրիշին են մատնացույց անում, երբ խոսքը մեղավոր կամ հանցապարտ լինելու մասին է, իսկ երբ խոսքը արդար ու բարի լինելու մասին է, իրենք իրենց են մատնացույց անում։
Գողիաթի ինքնավստահությունը նրան գոռոզության առաջնորդեց։ Նա նույնիսկ հանդգնեց Աստծուն նախատել (Ա Թագ. 17.26)։ Նա վստահեց իր հաղթակազմ եւ հուժկու մարմնին, ապավինեց իր տարիների պատերազմական փորձին, իր սրին, նիզակին ու գեղարդին, բայց Աստված նրան խոնարհեցրեց պատանի Դավթի ձեռքով, որ նրան տապալեց ու գլխատեց (Ա Թագ. 17.49-51)։
Ընդհանրապես մարդկանց հպարտության ու գոռոզության առաջնորդողը Գողիաթի հոգեբանությունն է։ Նրանք, որ Գողիաթի նման ապավինում են իրենց անձերի ճարպկությանը եւ կարողությանը, եւ կարծում են, որ իրենց սեփական զորությամբ ու միջոցներով կարող են իրագործել իրենց փափագները, երազները, աշխատանքները, տեսիլքները, հաղթանակները, նրանք վաղ թե ուշ հուսախաբ են լինում։
Հակոբոս առաքյալը ասում է. «Տերը հակառակ է ամբարտավաններին, մինչդեռ խոնարհներին շնորհ է տալիս»(Հակ. 4.6)։ Ինչո՞ւ է Աստված հակառակ ամբարտավաններին։ Ամբարտավան մարդը Աստծուն հուսալու եւ ապավինելու փոխարեն, ինքն իր անձին է ապավինում, եւ այս երեւույթը գրգռում է Աստծուն, որովհետեւ նա, որ ինքն իր անձի վրա է հույս դնում եւ ապավինում՝ ինքնիրեն է, որ պատվում եւ փառավորում է, մինչդեռ նա, որ Աստծո վրա է հույս դնում եւ ապավինում՝ Աստծուն է, որ պատվում եւ փառավորում է։
Աստված թույլ չի տա, որ մարդիկ հպարտությամբ հափշտակեն իր փառքն ու պատիվը։ նա հայտարարում է` ասելով. «Իմ փառքը ուրիշին չեմ տա» (Ես. 42.8, 48.11)։ Աստված մերժեց իր փառքը տալ Հերովդես Ագրիպպասին։ Երբ Հերովդեսը խնդիր լուծելու համար իր թագավորական զգեստը հագավ եւ եկավ ատյան նստեց ու սկսեց խոսել, ամբոխը աղաղակեց` ասելով. «Մարդ չէ՛ խոսողը, այլ Աստված»։ Այս խոսքի վրա «տեղնուտեղը Տիրոջ հրեշտակը հարվածեց նրան, քանի որ փառքը Աստծուն չվերագրեց» (Գործ. 12.21-23)։ Սա դաս պետք է լինի բոլոր նրանց, որոնք Հերովդես Ագրիպպասի հոգուց են կրում իրենց ներսում։
Հիշենք նաեւ Նաբուգոդոնոսորի օրինակը։ Երբ նա իր պալատի պատշգամբում ճեմում էր, շրջակա գեղեցիկ շինություններին նայեց եւ հպարտանալով ասաց. «Այս չէ՞ այն մեծ Բաբելոնը, որ ես իմ զորությամբ ու կարողությամբ, իմ փառքի համար շինեցի»։ Խոսքը տակավին չավարտած` երկնքից մի ձայն նրան ասաց, թե թագավորությունը խլվեց իր ձեռքից, եւ թե ինքը անասունների նման խոտաճարակ պիտի լինի, մինչեւ որ հասկանա «թե մարդկանց թագավորության վրա Բարձրյալն է տիրում եւ այն իր ուզածին է տալիս» (Դան. 4; 28-33)։

Աղբյուր՝«Սյունյաց Կանթեղ» N37