Աստված անցյալ չէ եւ ո՛չ էլ գալիք։ Աստված հավիտենական Ներկան է

«Ապաշխարեցե՛ք, որովհետեւ Երկնքի Արքայությունը մոտեցել է»: Մատթ.3:2
Այսօր, ցավալիորեն, երբ մարդկանց փորձում ես ապաշխարության ուղղորդել, պատասխանում են. «Ուզում եմ ապաշխարել եւ կյանքս Քրիստոսին հանձնել, բայց զգում եմ, որ հիմա չէ հարմար ժամանակը»։

 Սատանան ի՛նքն է փորձում համոզել մեզ, որ այսօր եւ հիմա չէ ապաշխարության հարմար ժամանակը։ Աստվածաշունչը սակայն հաստատում է, որ «Հիմա՛ է այդ հարմար ժամանակը. հիմա՛ է փրկության օրը» (Բ.Կր 6.2

 Եթե աշխարհի մեջ մե՛կ անհետաձգելի բան կա, վստա՛հ եղեք. դա հենց ապաշխարությունն է, որովհետեւ նրանից է կախված մեր հավիտենական փրկությունը կամ կորուստը։ Երբ Աստվածաշունչը հաստատում է. «Հիմա՛ է այդ հարմար ժամանակը. հիմա՛ է փրկության օրը», մենք չպետք է հակասենք եւ հակադրվենք Աստծո անսխալական խոսքին եւ ասենք. «Հիմա չէ հարմար ժամանակը. հիմա չէ փրկության օրը»։

 Եթե հիմա չէ հարմար ժամանակը ապաշխարության, հապա ե՞րբ է։ Ժողովողի գրքում կարդում ենք. «Ամեն բանի ժամանակը կա» (Ժղ 3.1)։ Այո՛, ամեն բանի ժամանակը կա։ Բայց այս չի նշանակում, թե ապաշխարելու ժամանակն էլ կա։ Ամեն բանի ժամանակը կա, բայց Աստծո ժամանակը չկա։ Աստված ժամանակ չունի, որովհետեւ ժամանակի ստեղծիչը լինելով՝ ժամանակից վեր է։

 Եւ քանի Աստված ժամանակ չունի, ուրեմն, բոլոր ժամանակներն ու ժամերը իրենն են։ Եւ եթե բոլոր ժամանակներն ու ժամերը իրենն են, հետեւաբար, «Հիմա՛ է հարմար ժամանակը» ապաշխարության։ Այս «հիման» Աստծուն է պատկանում։ Եթե այս «հիման» Աստծուն է պատկանում, ուրեմն, հիմա՛ պետք է ապաշխարել։

 Աստված անցյալ չէ եւ ո՛չ էլ գալիք։ Աստված հավիտենական Ներկան է։ Քանի որ Նա հավիտենական Ներկան է, ուստի, ներկա ժամանակը, այսինքն՝ «հիման» եւ «այսօրը» իրենն են։ Եթե «հիման» իրենն է, հիմա՛ ուրեմն հանձնվիր իրեն։ Եթե «այսօրը» իրենն է, մենք իրավունք չունենք ապաշխարությունը վաղվան հետաձգելու։

 Վաղվա տերը Տերը ի՛նքն է եւ ո՛չ թե դու։ Տերը «այսօ՛րը» քեզ տվեց, բայց միգուցե «վաղը» չուզենա քեզ տալ։ Եթե «այսօրը» եւ «հիման» ապերախտաբար գործածես, Աստված կարող է քեզ չվստահել «վաղը» կամ մյուս օրը։ Ո՛չ միայն հաջորդ օրը, նույնիսկ հաջորդ ժամն իսկ կարող է քոնը չլինել։ Մի՛ վստահիր մի բանի, որ քոնը չէ, որ քո ձեռքերում չէ, այլ խոսքով, մի՛ վստահիր վաղվան։

 Շատ շատեր հատուկ ծրագրեր են մշակում, զանազան գործեր են ձեռնարկում, տեսակ-տեսակ աշխատանքների են լծվում, եւ ուզում են այդ բոլորը իրենց ավարտին հասցնել եւ հետո՛ միայն ապաշխարությամբ նվիրվել Քրիստոսին։ Այդպես մտածողներին ուզում եմ հիշեցնել մե՛կ բան, որ գործ, աշխատանք ու ծրագիր, երբե՛ք, երբե՛ք իրենց ավարտին պիտի չհասնեն։ Սատանան կարող է ամեն օր եւ նույնիսկ ամեն ժամ գործ ու ծրագիր, մտածում ու հոգս հայթայթել մեզ համար՝ պարզապես մեզ ապաշխարությունից հեռու պահելու համար։

 Սիրելի՛ ընթերցող, եթե պիտի սպասես, որ կյանքիդ մեջ ամեն ինչ կատարյալ լինի, եթե պիտի սպասես հանգստավետ պայմաններով շրջապատվել եւ հետո ապաշխարել, լա՛վ իմացիր, որ ամբողջ կյանքդ պիտի սպառես սպասելով, որովհետեւ երբեք որեւէ գործ ուզածիդ պես պիտի չլինի եւ որեւէ ծրագիր կամեցածիդ պես պիտի չիրականանա։

 «Այսօր» եւ «հիմա՛» այս տողերը կարդալուցդ հետո՝ դու պատասխանատու ես Աստծո Որդու առջեւ, եթե չապաշխարես։

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 30, հեղինակ՝ Վաղինակ վրդ. Մելոյան