Աստծո երկյուղի մասին

 Երանելի է այն մարդը, ով իր մեջ ունի Աստծո երկյուղը: Սուրբ Հոգին էլ է բարեբանում նրան: Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից (Սաղմ. 111, 1):  Ով երկնչում է Տիրոջից, նա հիրավի պաշտպանված է բոլոր թշնամական հնարքներից և խույս է տալիս ոսոխի բոլոր դավերից:

 Ով իր մեջ ունի Աստծո երկյուղը, նա բարեհաջողությամբ փրկվում է չարանենգ թշնամու դիտավորություններից:

 Թշնամին ոչ մի բանում չի որսում նրան, քանզի երկյուղելով` նա իրենից վանում է մարմնական հաճույքները:

 Երկյուղ ունեցողը մտքով այս ու այն կողմ չի թռչում, քանզի սպասում է իր Տիրոջը, որ հանկարծ չգա այն օրը, երբ չէր սպասում, և քնած գտնի իրեն և կեղծավորների վախճանին արժանացնի (Մարկ. 13, 36: Մատթ. 24, 51):

 Ով իր մեջ ունի Աստծո երկյուղը, նա անհոգ չի լինում, քանզի մշտապես զգաստանում է:

 Ով երկյուղում է, նա չափից ավելի քնով չի տարվում, քանզի արթուն է մնում և սպասում է իր Տիրոջ գալստյանը:

 Ով երկյուղում է, նա անհոգ չի մնում, որպեսզի չբարկացնի իր Տիրոջը:

 Ով երկյուղում է, նա չի ծուլանում, քանզի միշտ հոգում է ստացվածքի մասին, զգուշանալով դատապարտանքի ենթարկվելուց:

 Ով երկյուղում է, նա միշտ գերադասում է այն, ինչը հաճո է Աստծուն և նախապատրաստվում է դրան, որպեսզի երբ Տերը գա՝ նրան գովաբանի բազում բաների համար:

 Աստծո երկյուղն այդպես շատ բարիքների աղբյուր է դառնում բոլոր նրանց համար, ովքեր ապրում են նրա մեջ:

Սուրբ Եփրեմ Ասորիու «Հոգևոր խրատներ» գրքից