Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին

Arshak eps. Khachatryan qaroz 880x660 - Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին

«Որքան կարճ ու դառն է մեր կյանքը և որքան անճար ենք մահվան դիմաց և ոչ ոք չկա, որ վերադառնա մահվանից»:

«Այսօր անգիտության խավարը հալածվեց Եվ հարություն առած Քրիստոս մեզ գիտության լույս պարգևեց»: (Շարական Հարության օրհն.ԱՁ)

Սիրելի քույրեր և եղբայրներ,

 Ավագ Շաբաթվա խորհրդաշատ այս օրերին մեր մտորումներն ու զգացումները կապված են մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի տնօրինական կյանքի վերջին` չափազանց կարևոր ու ամենքիս համար ճակատագրական իրադարձությունների հետ: Վերապրեցինք անչափ դառն ու անտանելի այն փորձությունները, որ Մարդ դարձած Աստված կրեց նույն մարդկանցից:

 Վերստին հիշեցինք, թե ինչպես Իր ձեռնասուն աշակերտներից մեկը` Իսկարիովտացի Հուդան, դրամի դիմաց մատնեց իր Վարդապետին:

 Մեր աչքերի առջև անցանպատկերները ժամանակի իշխանավորների կողմից իրականացված հետապնդումների` ուղեկցված խարդավանքներով, զրպարտություններով և կազմակերպված կեղծ ու անօրինական դատավարությամբ:

 Այդ օրերի քահանայապետը`Կայիափան, արդեն ձևակերպել էր Քրիստոսի նկատմամբ հրեական վերնախավի քաղաքական դատավճիռը.«… ճիշտ կլինի,- ասում էր նա, որ ժողովրդի համար մեկը մեռնի» (Հովհ. ԺԲ):

 Քրիստոսի աճող ժողովրդականության և քարոզության դիմագրավման միակ ճամփան այս էր մնացել քահանայապետի համար:

 Հալածանքին ու հետապնդումներին հետևում են բռնությունները և նվաստացումները: Ղուկաս ավետարանիչը պատմում է, թե անգամ սպասավորներն ու պահակներն էինծաղրում Նրան, հարվածում, փակում էին դեմքը, տանջանքի ենթարկում և ապաասում` դե մարգարեացիր, գուշակիր, թե ո՞վ հարվածեց քեզ:

 Ամենքին թվում էր, թե անարգելով Քրիստոսին` Աստծուն ծառայություն են մատուցում (հմմտ. Ղուկ. ԻԲ):

 Վերջապես հասնում է ողբերգական իրադարձությունների վախճանը: Անլուր տառապանքների ու տանջանքների ենթարկվելուց հետո Քրիստոս խաչվում է, մահանում ու թաղվում: Մարդ, որի հետ հույսեր էին կապել աշակերտները այլևս չկա` մահացել է, վերջացել, անէացել,փոշիացել: Աշակերտները և Նրան բոլոր հավատացողները թևաթափ են, հուսահատ ու մոլորված:

 Սա կյանքն է, մարդու հոգեվիճակը, նրա վարքագիծը մինչև այն պահը, քանի դեռ նա տեղյակ չէ Քրիստոսի Հարության մասին: Ընկճված ու անհույս է մարդը, երբ չի ճանաչել հարության իրական խորհուրդը, չի ըմբռնել այն ճշմարտությունը, թե Քրիստոսի Հարությամբ ջնջվեցին կյանքի սահմանները և այն դարձավ անվերջանալի ու անսահմանհավիտենական մի իրականություն:

 Այսօր` Հարության տոնին, մենք նշում ենք կյանքի հավերժության տոնը:

 Մեր առջև երկու պատկեր է, երկու հոգեվիճակ, երկու աշխարհայացք: Մենք տեսնում ենք մարդուն` Քրիստոսի Հարությունից առաջ, առանց Նրա Հարության հավատքի և մարդուն` Քրիստոսի Հարությունից հետո, Նրա Հարությամբլուսավորված: Մենք տեսնում ենք մարդուն, որ կորցրել է հույսն ու կյանքի նպատակը, խարխափում է անորոշությունների մեջ, երերում,ափեափ զարկվում ու հառաչում. «Ինչ կարճ ու դառն է մեր կյանքը, ինչ անճար ենք մենք մահվան դիմաց, չկա ու չկա մեկը, որ մահվանից հետո վերադառնա»:

 Մյուս կողմից մեր առջև մարդն է, որ ապրել է ու ապրում է Քրիստոսի Հարության ճշմարտությունը: Որոշ է նրա նպատակը, անընկճելի նրա ոգին, բազմաթիվ անկումներից հետո նա գիտե վեր կենալ, փորձությունները նրա համար փորձանքներ չեն, այլ հնարավորություններ, խավարը չի մթագնում այդ մարդու հոգին, այլ ընդամենը խթանում է ավելի ու ավելի շուտ հասնել լույսին:

 Սա Հարությանը հավատացող, դրանով ապրող մարդն է, որ փառաբանում է. «Այսօր անգիտության խավարը հալածվեց և Հարուցյալ Քրիստոս մեզ գիտության լույս պարգևեց»:

 Այո մենք լույսի պարգև ստացանք` ճանաչելու մեր ինքնությունը, ըմբռնելու մեր կյանքի նպատակը: Դատապարտումը, նվաստացումը, չարչարանքները, զրկանքները ոչինչ են համեմատ այն հոգվիճակի, երբ չգիտես, թե ինչո՞ւ ես ապրում, երբ անհասկանալի է մնում այն հարցի պատասխանը, թե որտեղից ես եկել և ուր ես գնում:

 Սիրելի քույրեր և եղբայրներ,շատերն ասում են, որ աշխարհի մեծագույն սպառնալիքը տնտեսական ճգնաժամն է, ուրիշներ, թե էկոլոգիական մարտահրավերները, այլոք կարծում են, որ մարդկային իրավունքների ու ազատությունների դեմ կատարվող ոտնձգությունները: Վարկածները շատ են, վտանգները բազմաթիվ:

 Տիրոջ պատգամը, սակայն տեղ չի թողնում կասկածի, որ մարդկության և աշխարհի մեծագույն ճգնաժամը նպատակի կորուստն է, երբ մարդ չգիտի ինչու է ապրում կամ եթե անգամ մտածում է, որ գիտի, ապա դա այնքան հեռու է իրական նպատակից, հավիտենական կյանքի նպատակից, որքան գետնաքարշավազաբլուրը երկնամերձ լեռից:

 Ահա Քրիստոսի Հարությունը ամեն ինչ իր տեղն է դնում: Հարությունը մարդկանց հայացքները բարձրացնում է երկրից, հողից, գետնից, ուղղում է երկինք, վեր ու ավելի վեր: Հարության լույսի ներքո ապրողը չի կարող կլանվել երկրավոր նպատակներով, հարստությունը նրա համար այլոց ծառայելու միջոց է, փառքը և ճանաչումը` առաքինի գործերի բնական արդյունք, գեղեցկությունը` Աստծու արարչական հանճարի արտահայտություն: Հարությանը հավատացող և նրանով ապրողը երբեք չի շտապում, նրան երբեք չեն կրծում ձախողված լինելու կասկածները: Նա գիտի, որ Աստված հաջողությունը արդեն տվել է իրեն, երբ ծնվել է, երբ ճանաչել է Նրան ու Իր Սուրբ Հարությունը:

 Սիրելի քույրեր ու եղբայրներ, Քրիստոսի հարությամբ փրկություն եղավ մեզ համար: Հեռու մնալ Քրիստոսի հարության ճշմարտությունից` կնշանակի ինչպես բանաստեղծը կասեր` խարխուլ մակույկով հանձնվել ծովին: Չընդունել հարությունը որպես ճշմարտություն`կնշանակի խարխափել կյանքի աննպատակության ու անհուսության լաբիրինթոսում:

 Եթե չբացենք մեր հոգու առագաստները հարության ճշմարտության Մեծ Նպատակի առջև, ստիպված պետք է լինենք մեր անհուսությունը խեղդել երկրավոր զբաղումների մեջ: Այսպես են մարդիկ դառնում խաղամոլ, գինեմոլ ու թմրամոլ, այսպես են ինքնասպան դառնում:

 Երբ երկիրն է քո հոգու միակ հանգրվանը, զվարճանքները և կամ մահն է դառնում քո միակ մխիթարությունը:

 Արդ, հեռու վանենք մեզանից ամեն թերահավատություն, ամուր ու վառ պահենք Տիրոջ հարության հանդեպ հավատը: Հավատքով կյանքը չսպառվող ու չվերջացող իրականություն է: Հարության հավատքով է կյանքը պարգև և ոչ թե պատիժ:

 Թող Հարուցյալ Տերը իր գիտության լույսը տարածի բոլոր հայ օջախներում ու բոլոր սրտերում ու հոգիներում և ամենքիս մեջ, որպեսզի ճանաչենք Կյանքի նպատակը, ապրենք հույսի մեջ, ապրենք փրկության հասնելու և անսպառ կյանքի պարգև ժառանգելու համար:

 Այս հավատով և ուրախությամբ վերստին կարդում եմ Տիրոջ հարության ավետիսը` Քրիստոս Յարեաւ ի մեռելոց

ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԽՈՍՎԱԾ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔՈՒՄ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ 20 ապրիլ, 2019 թ.