Իսահակ վարդապետ. Արարչագործություն (մարդու ստեղծումն ու ընտանիքի դերակատարությունը)

Ararchagorcutyun 235 880x660 - Իսահակ վարդապետ. Արարչագործություն (մարդու ստեղծումն ու ընտանիքի դերակատարությունը)

«Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն»
(Ծննդ. Բ 8 ):
«Ո՜վ, ի՞նչ զարմանալի է. Երկինք ու Երկիրը ի միասին կը մշակեն ամուսնական եւ խորհրդական դրախտն…» (Խրիմյան Հայրիկ):

Աստվածաշնչի առաջին իսկ տողերից ի հայտ է գալիս, որ մարդու ստեղծումը ո՛չ միայն որևէ հրամայականով պայմանավորված չէ, ինքնանպատակ կամ առավել ևս պահի թելադրանքով, այլ միանգամայն տրամաբանական և կոնկրետ նպատակ է հետապնդում. «Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան» (Ծննդ. Ա 26-27): Ուրեմն «անմահին Աստուծոյ անմահ պատկեր մարդս է» (Եղիշե), ինչպես վկայում է Եղիշե աստվածաբանը:

 Այդ նպատակն այնքան պատճառաբանված ու առարկայական է, և այնքան որոշակի, որ անգամ սահմանում է ամուսնա-ընտանեկան կյանքի հարաբերակցությունն ու սկզբունքները (Ծննդ. Ա 28, Բ 15, 21, 24, Գ 16, Մատթ. ԺԹ 4-6, 8): Այլ խոսքով՝ Աստված իր բազմախորհուրդ սիրո և անսպառ ողորմության հետևանքով, կամեցավ հաստատել սիրո արքայություն և իր հայտնությունը շնորհել ստեղծվածին. «Աստուծո ամենազոր հրամանով և Աստուծո ենք պարտական աշխարհի բոլոր բարյաց երախտիքը։ Ոչ մի երկնային մարմին, ոչ մի բանական արարած, ոչ մի կենդանի և ոչ չնչին ստեղծված անգամ Աստուծո արարչական հրամանից դուրս չէ ծագել, ըստ որում և այնտեղ որոշվում է կիրակվա, ամուսնության, ամուսինների փոխադարձ հարաբերության սկզբունքը (Ծննդ., Բ 2-3, 23, 24. համեմատ. Ա Կոր., ԺԱ 3-12. Եփ., Ե 25. Մատթ., ԺԹ 3 և այլն)» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

 Այսինքն՝ Աստված մարդուն ստեղծեց, որպես «արարչագործության նպատակ» և «արարչական կամքի միջնորդ», և իր պատկերը դարձնելով՝ շնորհեց «բարեհակում ձիրքով», որպեսզի «մարդն էլ ձգտի անել այն, ինչ որ Աստված որոշել է»: Պարտք է մարդուն հնազանդվել Աստծուն (հմմտ. Ա Կոր. Զ 20), նաև տեր և պաշտպան լինել բնությանն ու կենդանական աշխարհին: (Ծննդ., Ա 28. Թ 1-3. Սաղմ., Ը 7. Իմաստ., Թ 1-3. Սաղմ., ՃԺԳ 24): Ըստ այսմ՝ մարդու սուրբ պարտքն է կատարելության ձգտելն ու Աստծուն ծառայություն մատուցելը, «Լինել Աստուած շնորհօք ընդ Աստուծոյ միաւորելովն», ինչպես ձևակերպում է մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը: «Մարդն, Աստուծո պատկեր լինելով, բնականաբար յուր հոգվով ծագման կախումն ունի Աստուծուց, և նորա դիմումն էլ առ Աստված է, ինչպեսև երանությունն Աստուծո հետ է (Մատթ., Ժ 28. Ա Կոր., Զ 20. Ե 3. Է 34)… Նորա աշխարհային կյանքն Աստուծո կյանքով է կյանք և նորա աշխարհային բոլոր նպատակների նպատակը Աստուծո արքայությունն է…Կարճ ասած, մարդ տեր է աշխարհի` միմիայն աշխարհի վերջնական նպատակի, այսինքն` Արարչին ծառա լինելով… Ըստ այսմ` մեր մարմնավոր ձգտումները պայմանավորված են մեր հոգևոր ձգտումներով» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

 Հետևաբար աստվածային պատկերով, «կամաց ու հաղորդակցությամբ» մարդու «աշխարհ գալոցն» էլ «Աստծո արարչական գործունեության հետևանք է և Աստծո արարչական կամաց մի նոր հայտնություն», որի կենսագործման հենարանը հապա որտե՞ղ է, եթե ոչ ընտանիքում (հմմտ. Մատթ. ԻԶ 24«Մովսիսին օրէնքները Տէր Աստուած Սինայի սարէն տուաւ, իսկ ամուսնական օրէնքը դրախտէն կը սկսի։ Անդրանիկ մարդն Ադամ եւ նորա ամուսին Եւայի երբ արարչութեամբ աշխարհ եկան, այս բնական օրէնքը իրենց գոյութեան հետն էր։ Եւ ի՜նչ է այս արարչադիր օրինաց զօրութիւն եւնպատակը։ Այդ ինքնին յայտնի է, զօրութիւն բնական սէրն է եւ նպատակը մարդկային սեռին բարգաւաճումն իփառս իւր Արարչին» (Խրիմեան Մկրտիչ, «Դրախտի ընտանիք»): Ապա ուրեմն ընտանիքը եղել և մնում է մարդուն Աստծո հետ կապող ա՛յն հանգույցն ու հանդիպակետը, որտեղ ամրագրվում է աստվածահաստատ կամուրջի շարունակական ու անխափան երաշխավորությունը (հմմտ. Մարկ. Ը 20):

 Ստեղծագործության վերջում արդեն, որպես «սքանչելիքների բարձրակետ» Աստված ստեղծում է մարդուն. ըստ որում, ինչպես հաստատում են Ս. եկեղեցու հայրերը, այնքան բարձր և այնքան կարևոր է մարդու դերակատարությունը, որ անգամ հրեշտակները պարտականություն ունեն սպասավորելու մարդուն: Հետևաբար, ինչպես հորդորում է Ս. Գրիգոր Լուսավորիչը, յուրաքնչյուրի համար պարտք է պահպանելու համար իր արժանիքն ու կոչումը քանքարը շահեցնելն (Մատթ. ԻԷ 14) ու գիտակցաբար և հոգևոր զարգացմամբ Աստծուն գործակից լինելը. «Ուստիև հրեշտակները, հոգեղեն, հետևաբար բարձր կարողություններով օժտված լինելով հանդերձ, նշանակված են` մարդկանց փրկության համար սպասավորելու…Մարդու ստեղծման որպիսությունը հասկանալ մեզ նույնքան անմատչելի է, որքան առհասարակ Աստուծո բոլոր ստեղծագործությունը, զի մենք արարած ենք և արարածական սահմանափակ միտք ունինք…Իսկ մեր հավատքի լույսը բաց է անում մեր մտքերն այսպես, որ մենք հոգով «ազգ եմք Աստուծոյ» (Գործք, ԺԷ 29), մինչդեռ մարմնով երկրից ենք, ուստիև միջնորդ ենք Աստուծո և բնության մեջ…»(Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

 Մարդու ստեղծումն ի սկզբանե և միանգամայն որոշակի նպատակով ծրագրված իրողություն է: Այնքան կարևոր և «անմատչելի», որքան որ ողջ արարչագործությունը. հանգամանք, որը կարող է նպատակաուղղել յուրաքանչյուրին բավական խորությամբ և գիտակցված հավատքով անդրադառնալու իր արժեքին, կոչմանն ու առաքելությանը. «Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. Բ 18): Այքան կարևոր, որ անգամ երկնքի ու երկրի արարման ժամանակ արդեն սահմանված էր մարդու տնօրինությունը. «…Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինք ու երկիրը… եւ մարդ չկար, որ մշակէր հողը, բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը: Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ» (Ծննդ. Բ 2, 4-6): Նույն կերպով սահմանված է նաև մասնավորապես կնոջ դերակատարությունը. «Մարդու ժառանգական բնական սերումն էլ պայմանավորված է կնոջով, որ ստեղծված է տղամարդին հավասար պատվով։ Աստուծո հայտնությունը կատարելապես դյուրահասկանալի է դարձնում այդ հավասարությունը նոցա կողակցության գաղափարով, որ միևնույն ժամանակ պարունակում է յուր մեջ հավասարության հիմնաքար միությունը (Ծննդ., Բ 21. Մատթ., ԺԹ 4. Գործք, ԺԷ 26)։ Ըստ որում` կինը, տղամարդու կողակիցը լինելով, նորա հետ մեկ է և հավասար է, այսինքն` ոչ ոտիցն է, որ ստրուկ լինի, ոչ գլխիցն է, որ գլխավոր լինի, և ոչ էլ այլուստ է, որ օտար լինի, այլ սիրալիր օգնական է։ Սակայն կինը, ըստ տղամարդի հառաջնության (Ծննդ., Բ 21) և ըստ յուր դյուրախաբության (Գ 7-16), նորա տիրության պետք է զիջանի, միայն թե սիրո սկզբունքի հիման վրա, ինչպես հակիրճ արտահայտում է ավետարանիչը. «Իւրաքանչիւր ոք զիւր կին այնպէս սիրեսցէ իբրեւ զիւր անձն, եւ կին երկնչիցի յառնէ իւրմէ» (Եփ., Ե 33)… (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

 Ընդսմին անթաքուցանելի է աստվածային օրհնաբեր ներկայության մեջ, թե՛ «Ադամի» բնական փափագն ու անդրադարձը, և թե՛ «մեկ դարձած երկուսի» համատեղ երջանիկ ապրումը. «Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»: «…Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք… բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք» (Ծննդ. Ա 22, 27-28 Բ 17): «Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ… Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին»: (Ծննդ Բ 22,24): Աստվածաշունչը միանգամայն հստակ և որոշակի ներկայացնում է թե՛ տղամարդու, և թե՛ կնոջ գործառույթների ամբողջությունը, ինչն առավել ակնհայտ կերպով երևան է գալիս այն ժամանակ, երբ համանման Քրիստոսի և իր եկեղեցու միության օրինակի, աստվածային օրհնությամբ երկուսը խորհրդավորապես միանում են, մշտական կենակցության ուխտի մեջ մտնելով և ստանձնելով գործակցել հանուն Աստծո արքայության և նրա բաղկացուցչ ընտանիքը կազմելուն. «Մարդու ժառանգական բնական սերումն էլ պայմանավորված է կնոջով, որ ստեղծված է տղամարդին հավասար պատվով։ Աստուծո հայտնությունը կատարելապես դյուրահասկանալի է դարձնում այդ հավասարությունը նոցա կողակցության գաղափարով, որ միևնույն ժամանակ պարունակում է յուր մեջ հավասարության հիմնաքար միությունը (Ծննդ., Բ 21. Մատթ., ԺԹ 4. Գործք, ԺԷ 26

 Ամեն անգամ, երբ տղամարդը բաժանվելով իր հայրական ընտանիքից, սուրբ Խորհրդով նոր ընտանիք է կազմում՝ «երկուսը մի մարմին են դառնում» (Ծննդ Բ 22, 24), մի նոր ընտանիք է ձևավորվում երկնային արքայության մեջ (Ա Տիմ. Դ 1-8. Եբր.ԺԳ4«Այո՛, ամուսնութեան բուն օրէնքը բնական սէրն է, որ մարդուն բնութենէն անբաժանելի է։ Բնական սէրն հաւասար է նաեւ ամէն թռչնոց եւ անասնոց առանց ամուսնական պայմանին` որ միմիայն ազատ մարդոյն համար է։ Բնական սէրն է միայն
բոլոր բնութեանց կենդանատու հոգին եւ զօրութիւն. եթէ չը կենդանացնէսէրը` բնութիւնը
կը մեռնի, ոչ մայր կը ծնանի եւ իր զաւկին կաթ կուտայ, ոչ հաւ, ոչ ճնճղուկ ձագեր կը հանեն
եւ կուտ տալով կը սնուցանեն»(Խրիմեան Մկրտիչ,«Դրախտի ընտանիք»): Ինչպես տեսանելի է «Հայոց հայրիկի» ձևակերպումներից, ամուսնությունը բնական սիրո արդյունք է, ավելին՝ ողջ աշխարհն ու կենդանական աշխարհն է հիմնված սիրո օրենքի վրա: Մարդու ազատ կամքով պայմանավորված՝ առանց սիրո և առանց ամուսնության, այլ խոսքով՝ առանց աստվածային օրհնության չի կարող ձևավորվել ընտանիք:

 Դժբախտաբար, ինչպես պիտի տեսնենք, մարդը «չկամեցավ» (չկարողացավ) գիտակցել իր ազատ կամքի և կոչման (Ա Կոր. ԺԵ 45-47) առավելությունը «Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում» (Ծննդ Բ 25), և բաժանվելով Աստծո հետ հաղորդակցությունից՝ ընկավ կատարյալ աշխարհասիրության մեջ: Դրա հետևանքը եղավ այն, որ համայն մարդկության հառաջադիմության և հարատևման վարքն ու զարգացումը խաթարվեց, ինչպես որ մեկնաբանում է Պողոս առաքյալը. «Ինչպէս որ մէկ մարդով մեղքը աշխարհ մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց… մահը մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէս նոյնիսկ նրանց վրայ, որոնք Ադամի յանցանքի նման յանցանք չգործեցին…» (Հռ. Ե 12, 14

 «Այդ անկման մեջ նախամարդը քանի գնում ընկնում էր, զի զորանում էր նորա մեջ հպարտությունն ու մեծամտությունը, և նա կարծում էր, թե ինքը կարող էր աշխարհում ամենայն ինչ գիտենալ և յուր բախտը կռել. նա դեռ չգիտեր` «եթէ ոք կամիցի գիտել ինչ, չեւ եւս գիտաց որպէս արժանն էր գիտել։ Բայց որ սիրէ զԱստուած, նա է տեղեկացեալ ի նմանէ» (Ա, Կոր., Ը 2Չգիտեր, որ չսիրելով Աստուծուն, կտրվում էր նորա ամենաառատ իմաստությունից և մարմնավոր աշխարհի մի օղակը դառնում։ Այդ տգիտության հետևանքն էր, որ նախամարդը թաքնվում էր ամենագետ և ամենատես Աստուծուց (Ծննդ., Գ 10)… զի ինչպես որ արդարությունն ու սրբությունն են անբաժան Աստուծուց, այնպես էլ մեղքն ու տանջանքը (պատիժը) անբաժան են մարդու պատվիրանազանցության մեջ։ Մարդու` դեպի աշխարհն ունեցած սխալ վերաբերմունքից հառաջացավ այն, որ նա, Աստուծուց կտրված լինելով, ոչ թե ինքնուրույն տեր դարձավ աշխարհի վրա` ըստ յուր սպասածին, այլ, ընդհակառակն, նորա գերին, նորանից ակամա կախվածը, նորա մեջ անմխիթար տանջվող, անհույս հառաչող։ Աստված էր աշխարհն ստորադրել մարդուն. մարդն էլ, Աստուծուց վտարանջելով, չէր կարող տիրել աշխարհն, այլ ենթարկվեց նորան. նա յուր անհավատությամբ սկսավ ձգտել ոչ թե դեպի Աստված, այլ դեպի աշխարհն, ուստիև ոչ թե բարձրացավ, ինչպես սպասում էր, այլ ընկավ անասնական աշխարհի շարքը»: (Հուդ., ժ. Բ Պետր., Բ 12),(Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

 Ապա ականատեսն ենք, թե ինչպես Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին անուններ է տալիս, բայց չի գտնում իր նմանութիւնն ունեցող մի օգնական (տես՝ Ծննդ. Բ 18-24): Հետևելով աստվածաշնչական տրամաբանությանը, տեսնում ենք, որ Ադամը փնտրտուքի մեջ է՝ Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական, և որ ի՛ր նման մեկին է փնտրում: Այնուհետև ականատեսն ենք աստվածային տնօրինության՝ Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը… Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ: Ապա ներկա ենք Ադամի արձագանքին՝ Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց: Եվ վերջապես, Աստված հավանություն և օրհնություն է տալիս, ինչպես որ արարչագործության ժամանակ (Ծննդ. Ա 8, 22, 31)` Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին: Ամենևին պատահական չէ Պողոս առաքյալի այնքան խորախորհուրդ, բազմաճյուղ ու համակողմանի անդրադարձը տղամարդկանց ու կանանց: Ինչպես նաև մի առանձին կերպով ու մասնահատուկ ուշադրության է արժանի ուղերձի հանգուցալուծումը. «Հնազանդուեցէ՛ք միմեանց Քրիստոսի երկիւղով: Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդուեն Տիրոջը… Եւ ինչպէս եկեղեցին հնազանդւում է Քրիստոսին, նոյնպէս եւ կանայք թող հնազանդուեն իրենց մարդկանց ամէն ինչում: Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց, ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի աւազանի մաքրութեամբ՝ խօսքով, որպէսզի նա իր առաջ փառաւոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղութիւն կամ նման բաներից ոչինչ չունենայ, այլ լինի սուրբ եւ անարատ: Նոյն ձեւով մարդիկ պարտաւոր են սիրել իրենց կանանց իբրեւ իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում. որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն, ինչպէս որ Քրիստոս՝ եկեղեցին. քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից եւ նրա ոսկորներից «Դրա համար մարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը պիտի լինեն մէկ մարմին»: Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի եւ եկեղեցու վերաբերեալ: Դուք էլ նոյնպէս ամէն մէկդ նո՛յնը արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը, եւ կինը երկնչի իր մարդուց:
(Եփես. Ե 21-33

 Այսպիսով, համադրելով ու համեմատելով բերյալ սուրբգրային համարները համատես ավետարանիչների արձանագրումներին (Մատթ. ԺԹ 5-6, Ղուկ. ԺԶ 17-18), միանգամայն ակներև է դառնում
ա) Հին և Նոր Կտակարանների անլուծանելի կապը
բ) այն որ Արարչագործության մեջ ոչ մի պատահական դրսևորում չկա
գ) մենք արդեն իսկ ականատեսն ենք ընտանիքի գոյության
դ) եղած և լինելիք իրողությունները մարդկանցից են ծածկված, և որ բացահայտումներն ու հայտնությունները «նորություն են հիշողությունը կորցրա՛ծ» մարդկանց համար: Սրա մասին է Արշակ Տեր-Միքելյանի բավական ուշագրավ ծանուցումը. «Դորա հետևանքն էր, որ մարդը մարմնապես ևս զրկվեց հավերժական աստվածային փառքի վայելքից և ապականացու կյանքի կերակուր դարձավ։ Այդ կորստական վիճակ էր, որի հիմնական հետևանքն էր և մահը` «մեղաց թոշակը» (Հռ., Զ 23), որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ` հոգու բաժանվիլը կենդանություն ու երջանկություն տվող Աստուծուց և անկումն մարմնավոր ցավերի ու լուծման մեջ» (Բ Կոր., ԺԱ 3. Ա Տիմ., Բ 14) (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական):

 Մի կարևոր հանգամանք ևս. թեև Ադամն ու Եվան «ծնողազուրկ են», սակայն նկատելի է վերջիններիս մի դեպքում զավակ լինելու (երեխայական) կարգավիճակը՝ « …Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն… Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր… Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում»:(Ծննդ. Ա 29, Բ 8-9, 25,), իսկ մի դեպքում էլ՝ արդեն որպես չափահաս ու ծնող. «Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց Աստուած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց…Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ» (Գ 21, 24, Դ 1):
Այսուամենայնիվ, հիմնական իմաստով չենք տեսնում նախածնողներին լքված, մոռացված կամ մեկուսի: Նրանք շարունակ Աստծո հոգածության մեջ են, երեքով կամ չորսով. ճիշտ այնպես, ինչպես որ ներհատուկ է ընտանիքի պարագայում: