Առակ խաչի մասին

 Մի մարդ որոշեց, որ իրեն չափից դուրս ծանր կյանքի ուղի է բաժին ընկել: Նա դիմեց Աստծուն այսպիսի խնդրանքով.

 —Տե´ր, իմ խաչը չափազանց ծանր է, և ես չեմ կարող այն տանել: Բոլոր այն մարդկանց, ում ես ճանաչում եմ,նրանց խաչերն ավելի թեթև են: Չէի՞ր կարող իմ խաչն էլ ավելի թեթևով փոխարինել:

 Եվ Աստված ասաց.

 -Լավ, ես քեզ հրավիրում եմ իմ խաչերի շտեմարան, ընտրի´ր քեզ համար այն մեկը, որն ինքդ կհավանես:

 Մարդը եկավ  շտեմարան  և սկսեց իր համար խաչ ընտրել: Նա փորձում էր բոլոր խաչերի ծանրությունը, և բոլորը նրան թվացին շատ ծանր: Փոխնիփոխ փորձելով բոլոր խաչերը` նա նկատեց մուտքի մոտ մի խաչ, որն իրեն ավելի թեթև թվաց, քան մյուսները: Նա ասաց Աստծուն.

-Թույլ տուր, այս մեկը վերցնել: -Աստված պատասխանեց. -Հենց սա էլ քո սեփական խաչն է, որը դու թողեցիր դռան մուտքի մոտ այն ժամանակ, երբ սկսեցիր փորձել մնացածը:

Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը