Առակ այն մասին, թե ինչ կարող է անել մարդը, երբ նրա հոգին և սիրտը ջերմանում են…

Arak arevi shogh - Առակ  այն մասին, թե ինչ կարող է անել մարդը, երբ նրա հոգին և սիրտը ջերմանում են…

Մի անգամ Շողը ասաց Արևին.
– Ամեն օր, ես թռչում եմ երկիր և ջերմացնում ամբողջ մոլորակը, բայց ես կուզեի ջերմացնել մարդու սիրտը:
– Շատ լավ, դու կարող ես տալ մեկ կաթիլ արևային կրակ մարդու սրտին, – թույլատրում է Արևը: – Այդ կրակը կօգնի մարդուն դառնալ մեծագույն արարիչ: Միայն ընտրիր մարդկանցից լավագույնին:
Շողը գալով Երկիր սկսում է մտածել. «իսկ ինչպե՞ս իմանալ, թե ով է մարդկանցից լավագույնը»: Հանկարծ նա լսում է մի տղայի տխուր մտքերը. «Ոչինչ ինձ մոտ չի ստացվում: Երազում էի դառնալ նկարիչ, բայց դարձա ներկարար, սիրեցի աղջկա, սակայն նա նույնիսկ իմ կողմ չի նայում»:
– Բայց չէ՞ որ դու ունես տաղանդ, երիտասարդություն և ոսկյա ձեռքեր, – բացականչում է Շողը և նվիրում տղային իր կրակը:
Առկայծեց արևային կրակը տղայի սրտում, և ստիպեց նրան բարձրացնել աչքերը, և ուղղել ուսերը: Տղան վերցնում է ներկերը և նկարում իր սիրելիի համար հրաշալի մի ծաղկեփունջ: «Սա հրա՛շք է», – ուրախանում է աղջիկը և համբուրում տղային: Հետո տղան այնպես է ներկում տունը, որ պատվիրատուն ուղղակի հիանում է. «Ես մտածում էի դուք ներկարար եք, բայց պարզվեց, որ իսկական նկարիչ եք: Իմ տունը վերածվեց արվեստի գլուխգործոցի»: Եվ տղան դառնում է հանրաճանաչ նկարիչ:
Շողը վերադառնում է Արևի մոտ և մեղավոր ասում.
– Ես մոռացա, որ պետք էր գտնել մարդկանցից ամենալավագույնին, և նվիրեցի կրակը առաջին պատահած մարդուն:
– Դու հավատացիր մարդուն, – ուրախությամբ պատասխանում է Արևը: Իսկ հավատը և օգնությունը կվերածեն յուրաքանչյուր մարդու արարչի և կօգնեն հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը