Առակ Աստծուն հավատարիմ լինելու մասին

Arak Havatarmutyun - Առակ Աստծուն հավատարիմ լինելու մասին

 Հեթանոս մի թագավոր պահանջեց քրիստոնյա եպիսկոպոսից ուրանալ իր հավատքը:
-Չեմ կարող,- եղավ Սրբազանի պատասխանը:
-Ինչու՞. մի՞թե չգիտես, որ քո կյանքն իմ ձեռքերում է: Բավական է ձեռքիս թեթև շարժումը և դու այլևս չես տեսնի այս աշխարհը,- զայրացած վրա բերեց թագավորը:
-Գիտեմ,- պատասխանեց քրիստոնյան: -Բայց մի պահ պատկերացրու, որ քո ամենահավատարիմ ծառան ընկնում է քո թշնամիների ձեռքը: Նրան ստիպում են դավաճանել քեզ, սակայն նա անսասան է մնում: Ծաղրանքներ, հալածանքներ, անասելի կտտանքներ. ոչ մի բան չկարողացավ կոտրել նրա կամքի ամրությունը: Ամեն ինչ զուր էր…: Հիմա ասա ինձ, երբ նա անարգված, չարչարված և մերկ վերադառնա քեզ մոտ՝ միթե պատվով ու փառքով չե՞ս ընդունի նրան կրած տանջանքների և այն բանի համար, որ քեզ չդավաճանեց ու համատարիմ մնաց: Չե՞ս շնորհի նրան ամենալավ զգեստը և լավագույն վայրը քո թագավորության մեջ:
Թագավորը տարակուսեց:
-Դու կարող ես հանել իմ վրայից այս երկրային հագուստը, այսինքն՝ զրկել ինձ կյանքից, -շարունակեց եպիսկոպոսը, -բայց Աստված կպարգևի ինձ նորն ու ամենալավը: Նա կտա ինձ Հավիտենական կյանք: Իսկ ես հավատարմության երդում եմ տվել իմ Տիրոջը և միշտ էլ հավատարիմ կմնամ Նրան:

 Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը