Առաջ դեպի երազանքների նպատակ… (առակ)

Araj depi erazanqner - Առաջ դեպի երազանքների նպատակ... (առակ)

Մի երիտասարդ մի շատ գեղեցիկ նավակով մի մեծ գետի հունով նավարկում է: Ճանապարհին տեսնում է մեկ ուրիշ հմայիչ նավակ, որտեղ մի այլ երիտասարդ` սարսափահար ու հապշտապ, մեծ դժվարությամբ թիավարում է գետի հունին հակառակ:
Հարցնում է.
-Ինչու՞ ես գետին հակառակ ընթանում.
Սարսափած երիտասարդը պատասխանում է.
-Ոսկե շղթաներով զարդարված մի մարդ ինձ վստահեցրեց, որ այս գետի հունը տանում է դեպի հաջողությունների ու վայելքների աշխարհը, որտեղ այդ մարդը հասել է մեծ բարձունքների: Սակայն իրականում քիչ հեռու մի հսկա ջրվեժ է, և գետը գահավիժում է դեպի անդունդը….
Երիտասարդը սկսում է անհանգստանալ ու ասել.
-Այդ նույն մարդը ինձ էլ հանդիպեց ու նվիրեց այս գեղեցիկ նավակը, համոզեց, որ այս գետի հունը տանում է դեպի անսահման հնարավորությունների քաղաքը, ուր կարող եմ իմ ծրագրերն իրականացնել ու հանրահայտ մարդ դառնալ…:
Սարսափահար երիտասարդը հարցնում է.
-Իսկ ու՞ր են նավակիդ թիերը.
-Այդ մարդն ասաց, որ թիերն անհրաժեշտ չեն. գետի հունը բավականին ուժեղ է, և թիերը գցեց ջուրը…,- շփոթված պատասխանեց երիտասարդը:
Իսկ հեռվում արդեն լսվում էր հուժկու ջրվեժի դղրդոցը…:
Ցավոք, ինչքան շատ երիտասարդներ կան, որ ինքնագոհ նավարկում են այդ գետի հունով… !!!
Սիրելի երիտասարդներ, իջեք հմայիչ այդ նավակներից ու ետ դարձեք, քանի դեռ ուշ չէ….

Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան