Արագածոտնի թեմում մեկնարկել է «Լույս մանկանց» ժողովը

Նոյեմբերի 29-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս Պռոշյանի օրհնությամբ մեկնարկեց Լույս մանկանց այս տարի թեմական առաջին ժողովը։

Ժամերգության մասնակցությամբ գոհունակության սաղմոսերգությամբ ու իմաստնության շնորհի խնդրանքով սկսվեց ժողով-քննարկումը, որին Սրբազան Հոր գլխավորությամբ ներկա էին թեմի 12 քահանաներ, երեցկանայք եւ ուսուցիչներ։

Իրենց ակտիվ ներկայությունն էին բերել նաեւ Դանիական հայկական բարեգործական առաքելություն ՀԿ-ի տնօրինությունն ու աշխատակիցները։ Լույս մանկանց համակարգող Սարգիս Առաքելյանը ներկայացրեց այս տարվա ընթացիկ մոնիտորինգի արդյունքները։ Հնչեցին առաջարկներ ու նոր կատարելագործման մեթոդներ։

ԴՀԲԱ տնօրեն Նանե Խաչատրյանը խոսեց հավատքի ճգնաժամի ու այս երեւույթի հաղթահարման ուղիների մասին։

Ընդմիջումից հետո առանձնացավ քահանայից դասը եւ ուսուցչական կազմն առավել հանգամանալից, մանրակրկիտ եւ արդյունավետ քննարկումների համար։ Սրբազան հայրը կարեւորեց կատարված աշխատանքը սերունդների համար։

Արձակման աղոթքով եւ իբրեւ ընտանիքի անդամներ բոլորը իրար հրաժեշտ տվեցին շուտափույթ հանդիպման ակնկալիքով։