Արագածոտնի թեմն արձագանքում է econews.am կայքի հրապարակմանը

 Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքում 30.10.2017թ. հրապարակված «Ապօրինի որսի հերթական սիրահարը հոգևոր հովիվ է» վերնագրով հոդվածի առնչությամբ տեղեկացնում ենք հետևյալը.

 Տարիներ առաջ իմանալով Տ. Ղևոնդ քահանա Գափոյանի` թույլատրելիի սահմաններում որսասիրական հակումների մասին՝ թեմական համապատասխան մարմինը հորդորել է Տեր Հորը հրաժարվել իր նախասիրությունից` այն գիտակցությամբ, որ արարչագործությունը սրբազան նվեր է մարդկությանը, իսկ նրա պահպանությունը նվիրական առաքելություն` անկախ կրոնական պատկանելությունից, սեռից, հասարակության մեջ գրաված դիրքից, մասնագիտությունից և կոչումից: Ավելին, Արագածոտնի Թեմի Թեմակալ Առաջնորդի կողմից Տեր Հայրն արժանացել է խիստ նկատողության և անցել ապաշխարության շրջան:

 Econews.am 30.10.2017թ. հրապարակած հոդվածից հետո` խնդրո առարկա հարցն Արագածոտնի Թեմի համապատասխան մարմնի կողմից առնված է քննության: Ուսումնասիրության եզրակացությունը` ի պահանջել հարկին, ընկալյալ կարգի համաձայն կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական Հանձնախմբին` առ ի տնօրինություն:

Դիվան Արագածոտնի Թեմի