Ապրիլի 27 Շբ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Astvacashunch yntercumner11 880x660 - Ապրիլի 27 Շբ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5.12‐33։ ՅԱԿՈԲՈՍ 2.14‐26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 21.15‐25։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

12 Եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին լինում ժողովրդի մէջ. եւ բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահի մէջ էին: 13 Ուրիշներից ոչ ոք չէր համարձակւում մօտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց յարգում էր: 14 Եւ աւելի ու աւելի էին շատանում Տիրոջը հաւատացողները՝ տղամարդկանց եւ կանանց բազմութիւնը. 15 այնքան, որ հիւանդներին հանում էին հրապարակները եւ դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնէ նրա ստուերը հասնի նրանցից մէկին: 16 Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքւում էր Երուսաղէմ. բերում էին հիւանդներ եւ պիղծ ոգիներից տանջուածներ, որոնք բոլորն էլ բժշկւում էին:
17 Քահանայապետը եւ բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցուեցին առաքեալների դէմ. 18 եւ ելան ձեռք դրեցին առաքեալների վրայ ու նրանց հրապարակաւ բանտ 1022 դրին: 19 Ապա Տիրոջ հրեշտակը գիշեր ժամանակ բացեց բանտի դռները եւ նրանց դուրս հանելով՝ ասաց. 20 «Գնացէք կանգնեցէ՛ք տաճարի մէջ եւ ասացէ՛ք ժողովրդին այս կենարար պատգամը»: 21 Եւ երբ այս լսեցին, առաւօտեան մտան տաճարը եւ ուսուցանում էին: Եկաւ քահանայապետը, եւ նրանք, որ նրա հետ էին. ի մի հաւաքեցին ատեանը եւ իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը. եւ մարդ ուղարկեցին բանտ՝ առաքեալներին բերելու: 22 Երբ սպասաւորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին ու ասացին. 23 «Բանտը ամենայն զգուշութեամբ փակուած գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»: 24 Երբ տաճարի իշխանաւորները եւ քահանայապետները այս խօսքերը լսեցին, զարմանում էին դրանց վրայ, թէ արդեօք այդ ի՛նչ պէտք է եղած լինի: 25 Եւ մէկը եկաւ նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտն էիք դրել, տաճարում կանգնած՝ ժողովրդին ուսուցանում են»: 26 Այն ժամանակ իշխանաւորը, սպասաւորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնութեան, որովհետեւ վախենում էին ժողովրդից, որ չքարկոծուեն:
27 Եւ բերելով նրանց՝ ատեանի առաջ կանգնեցրին: Քահանայապետը հարցաքննեց նրանց 28 եւ ասաց. «Ձեզ խստիւ չպատուիրեցի՞նք միթէ՝ չուսուցանել այն անունով 1023. եւ սակայն ահա հիմա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքով. եւ այն մարդու արեան պատասխանատուութիւնը ուզում էք մեր վրայ գցել»:
29 Պատասխան տուեցին Պետրոսն ու առաքեալները եւ ասացին. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց: 30 Մեր հայրերի Աստուածը յարութիւն տուեց Յիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով: 31 Աստուած նրան բարձրացրեց իր աջ ձեռքով որպէս առաջնորդ եւ փրկիչ՝ Իսրայէլին տալու համար ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն: 32 Այս բաների համար նրա վկաները մենք ենք եւ Սուրբ Հոգին, որը Աստուած տուեց իրեն հնազանդուողներին»: 33 Եւ երբ նրանք այս լսեցին, սաստիկ զայրացան ու խորհուրդ էին անում նրանց սպանել:

ՅԱԿՈԲՈՍ

14 Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ: Միթէ հաւատը նրան կը կարողանա՞յ փրկել: 15 Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրուայ ուտելիքի կարօտ, 16 եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ «Գնացէ՛ք խաղաղութեամբ, տաքացէ՛ք եւ յագեցէ՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է: 17 Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է: 18 Բայց թերեւս մէկն ասի. «Դու հաւատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛յց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, եւ ես քեզ ցոյց կը տամ իմ հաւատը գործերով»: 19 Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում: Դեւերն էլ են հաւատում եւ դողում: 20 Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի: 21 Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացաւ՝ սեղանի վրայ հանելով իր որդուն՝ Իսահակին, որպէս զոհ: 22 Տեսնո՞ւմ ես, որ հաւատը գործակից եղաւ նրա գործերին եւ գործերով էլ հաւատը կատարեալ դարձաւ: 23 Եւ կատարուեց Գրուածը, որն ասում է. «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան որպէս արդարութիւն համարուեց, եւ նա Աստծուն բարեկամ կոչուեց»:
24 Տեսնո՞ւմ էք, որ գործերով է արդարանում մարդ եւ ոչ թէ միայն հաւատով: 25 Այդպէս էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞ւ, երբ ընդունեց լրտեսներին եւ արձակեց նրանց այլ ճանապարհով: 26 Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հաւատը առանց գործերի:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

1 Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր: 2 Նա սկզբից Աստծու մօտ էր: 3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է: 4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: 5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց:
6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: 7 Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: 8 Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին:
9 Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: 10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: 11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: 12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան: 13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: 14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ:
15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: 16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան: