Astvacashunch yntercumner11 880x660 - Ապրիլի 20 Ուր. ԲԿ. Ի օր Յինանց

Ապրիլի 20 Ուր. ԲԿ. Ի օր Յինանց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.22‐56։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 11.27‐12.24։ Ա Պետրոս 4.1‐11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 4.43‐54։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.10‐20։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

22Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէ՛ք ծովակի միւս կողմն անցնենք»։ Եւ գնացին։ 23Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ։ Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովը ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել։ 24Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եւ նա վեր կենալով՝ սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց։ 25Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»։ Եւ նրանք սարսափած՝ զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են սրան»։ 26Ապա նաւարկեցին իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլիայի հանդիպակաց կողմն է։ 27Եւ երբ նա ցամաք ելաւ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մէջ դեւեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել եւ ոչ էլ տան մէջ էր բնակուել, այլ՝ գերեզմանների։ 28Եւ տեսնելով Յիսուսին՝ աղաղակեց, ընկաւ նրա առաջ եւ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր». 29որովհետեւ Յիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գայ այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, եւ նա կապւում էր շղթաներով, պահւում էր երկաթների մէջ, բայց կոտրում էր կապանքները եւ դեւից քշւում էր անբնակ վայրեր։ 30Յիսուս հարցրեց նրան եւ ասաց. «Անունդ ի՞նչ է»։ Եւ նա ասաց. «Լեգէոն». որովհետեւ նրա մէջ շատ դեւեր էին մտել. 31աղաչում էին նրան, որ հրաման չտայ իրենց, որ անդունդ գնան։ 32Եւ այնտեղ մեծ թուով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լերան վրայ։ Աղաչեցին նրան, որ հրաման տայ իրենց՝ գնալ մտնել նրանց մէջ։ Եւ նա թոյլատրեց նրանց, 33եւ դեւերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մէջ. եւ երամակը գահաւանդից դիմեց դէպի ծովակ ու խեղդուեց։ 34Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան եւ պատմեցին քաղաքում ու ագարակներում։ 35Եւ երբ մարդիկ դուրս եկան կատարուածները տեսնելու եւ եկան Յիսուսի մօտ ու գտան այն մարդուն, որից դեւերը ելել էին, – որը հագնուած եւ զգաստացած՝ նստած էր Յիսուսի ոտքերի մօտ, – վախեցան։ 36Նրանք, որ ականատես էին եղել, պատմեցին նրանց, թէ ինչպէս փրկուեց դիւահարը։ 37Եւ գերգեսացիների երկրի շրջակայքում գտնուող ամբողջ բնակչութիւնը աղաչում էր Յիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետեւ մեծ վախով տագնապում էին։ Եւ նա նաւակ նստելով՝ վերադարձաւ։ 38Այն մարդը, որից դեւերը դուրս էին եկել, աղաչում էր նրան, որ ինքը նրա հետ շրջի։ Բայց Յիսուս արձակեց նրան եւ ասաց. 39«Վերադարձի՛ր քո տունը եւ պատմի՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»։ Նա գնաց քաղաք եւ տարածում էր այն, ինչ Յիսուս արեց իրեն։ 40Եւ երբ Յիսուս վերադարձաւ ծովի միւս կողմը, ժողովուրդը նրան լաւ ընդունեց, որովհետեւ ամէնքը նրան սպասում էին։ 41Եւ ահա եկաւ մի մարդ, որի անունը Յայրոս էր, եւ որը ժողովրդապետ էր։ Յիսուսի ոտքերն ընկնելով՝ նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, 42որովհետեւ նա մօտ տասներկու տարեկան մի միամօրիկ դուստր ունէր, որ մահամերձ էր։ Եւ երբ Յիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։ 43Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որեւէ մէկից բժշկուել, 44յետեւից մօտեցաւ եւ դիպաւ նրա զգեստի քղանցքին, եւ նոյն ժամին նրա արիւնահոսութիւնը դադարեց։ 45Եւ Յիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»։ Եւ երբ բոլորը ուրանում էին, Պետրոսը եւ նրա հետ եղողները ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»։ 46Եւ Յիսուս ասաց. «Մէկն ինձ դիպաւ, որովհետեւ զգացի, որ ինձնից զօրութիւն դուրս եկաւ»։ 47Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկաւ եւ ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջեւ պատմեց, թէ ինչ բանի համար դիպաւ նրան եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեց։ 48Եւ նա ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»։ 49Եւ մինչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից մէկն եկաւ եւ Յայրոսին ասաց. «Աղջիկդ մեռաւ, յոգնութիւն մի՛ պատճառիր դրան»։ 50Իսկ երբ Յիսուս լսեց, նրան պատասխանեց եւ ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հաւատա՛, եւ նա կ՚ապրի»։ 51Եւ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Յակոբոսից, Յովհաննէսից եւ երեխայի հօրից ու մօրից։ 52Ամէնքը լալիս եւ ողբում էին նրա վրայ։ Եւ նա ասաց. «Լաց մի՛ եղէք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է»։ 53Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետեւ գիտէին, որ մեռած էր։ 54Եւ ամենքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»։ 55Եւ նրա հոգին վերադարձաւ, եւ մանուկը իսկոյն կանգնեց։ Եւ Յիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան։ 56Եւ նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատուիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

27Այն օրերին Երուսաղէմից մարգարէներ իջան Անտիոք։ 28Նրանցից մէկը, որի անունը Ագաբոս էր, վեր կենալով, Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը եւ եղաւ Կղօդէոս կայսեր օրով։ 29Եւ Անտիոքի աշակերտները որոշեցին, որ աշակերտների կողմից, այնքան, որքան նրանցից իւրաքանչիւրը կարող էր, նպաստ ուղարկեն Հրէաստանում բնակուող եղբայրների համար, 30ինչ որ արդարեւ արեցին՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երէցներին։
12 Այդ ժամանակներում Հերովդէս թագաւորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին 2եւ Յովհաննէսի եղբօրը՝ Յակոբոսին, սրով սպանեց։ 3Երբ տեսաւ, որ այդ հաճելի է հրեաներին, աւելի առաջ գնաց եւ Պետրոսին էլ բռնեց։ Բաղարջակերաց օրերն էին. 4երբ նրան բռնեց, բանտ դրեց եւ իւրաքանչիւրը չորս զինուորից բաղկացած չորս խմբի յանձնեց, որ նրան պահեն. եւ ուզում էր զատկից յետոյ նրան դուրս հանել՝ դատելու ժողովրդի առջեւ։ 5Պետրոսը բանտում մնում էր հսկողութեան ներքոյ. իսկ եկեղեցում նրա համար անդադար աղօթքներ էին արւում առ Աստուած։ 6Եւ երբ Հերովդէսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին։ 7Եւ ահա Տիրոջ հրեշտակը եկաւ, կանգնեց մօտը, ու մի լոյս ծագեց այդ տեղի վրայ։ Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»։ Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից։ 8Եւ հրեշտակը նրան ասաց. «Գօտիդ կապի՛ր եւ հողաթափները ոտքերդ գցի՛ր»։ Եւ նա այնպէս արեց։ Ապա նրան ասաց. «Զգեստներդ վրադ գցի՛ր եւ արի՛ իմ յետեւից»։ 9Եւ նա ելնելով գնում էր նրա յետեւից ու չէր իմանում, թէ հրեշտակի միջոցով պատահածը իրական է, որովհետեւ կարծում էր, թէ տեսիլք է տեսնում։ 10Եւ երբ նրանք անցան առաջին պահականոցից եւ ապա երկրորդից, եկան մինչեւ երկաթեայ դուռը, որը հանում էր քաղաք։ Դուռը իրեն-իրեն բացուեց նրանց առջեւ. եւ, մի փողոց մտնելով, անցան նրա միջով. ապա հրեշտակը իսկոյն նրանից հեռացաւ։ 11Երբ Պետրոսը ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողվրդի ամէն ակնկալութիւնից»։ 12Եւ ուշքի եկած լինելով՝ եկաւ Մարիամի՝ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր տունը. այնտեղ հաւաքուել էին շատերն ու աղօթք էին անում։ 13Տան դուռը բախելիս՝ Ռոդէ անունով մի աղախին մօտեցաւ եւ ականջ էր դնում։ 14Եւ ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախութիւնից դուռը չբացեց, այլ ներս վազելով պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է։ 15Նրանք ասացին նրան՝ գժուել ես։ Իսկ աղախինը առաւել եւս պնդում էր, թէ այդպէս է։ Ապա նրանք ասացին՝ նրա հրեշտակն է։ 16Իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը։ Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան։ 17Եւ նա ձեռքով նրանց նշան էր անում, որ լռեն. եւ պատմեց, թէ ինչպէս Տէրը իրեն հանեց բանտից։ Ապա ասաց. «Այս բաները պատմեցէ՛ք Յակոբոսին եւ եղբայրներին»։ Եւ ինքը ելաւ գնաց այլ տեղ։ 18Եւ երբ առաւօտ եղաւ, զինուորների մէջ մեծ խռովութիւն ընկաւ, թէ արդեօք Պետրոսն ի՛նչ եղաւ։ 19Իսկ Հերովդէսը, երբ նրան փնտռեց ու չգտաւ, պահակներին հարցաքննելուց յետոյ հրամայեց սպանել նրանց։ Ապա Պետրոսը Հրէաստանից Կեսարիա իջաւ ու այնտեղ էր մնում։ 20Եւ Հերովդէսը ցասումով էր լցուած տիւրոսցիների եւ սիդոնացիների դէմ։ Նրանք միաբանուած՝ եկան նրա մօտ եւ համոզելով Բղաստոսին՝ թագաւորի սենեկապետին, խաղաղութիւն խնդրեցին, քանի որ իրենց երկիրը նրա երկրից էր կերակրւում։ 21Եւ որոշուած օրը Հերովդէսը թագաւորական զգեստ էր հագել եւ ատեան էր նստել ու հրապարակաւ խօսում էր նրանց հետ։ 22Իսկ ամբոխը աղաղակում էր. «Աստուած է, որ խօսում է եւ ոչ թէ մարդ»։ 23Եւ անմիջապէս հրեշտակը հարուածեց նրան, որովհետեւ Աստծուն փառք չտուեց. եւ որդերի կեր դառնալով՝ մեռաւ։ 24Իսկ Աստծու խօսքը աճում ու բազմանում էր։ 25Բառնաբասն ու Սօղոսը, երբ իրենց պաշտօնը կատարեցին, Երուսաղէմից վերադարձան։ Իրենց հետ վերցրել էին նաեւ Յովհաննէսին, որ Մարկոս էր կոչւում։

Ա Պետրոս

4 Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, 2որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի. 3քանզի բաւական է մեզ կեանքի անցած ժամանակը, երբ ընթացանք հեթանոսների կամքի համաձայն՝ զեխութիւններով, յոռի ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, հարբեցողութիւններով, անօրէն կռապաշտութիւններով։ 4Եւ նրանք տարօրինակ են գտնում, որ դուք չէք ընթանում նոյն անկարգ զեխութեամբ. եւ հայհոյում են ձեզ։ 5Նրանք հաշիւ պիտի տան նրան, ով պատրաստ է դատելու կենդանիներին եւ մեռածներին. 6քանի որ սրա համար իսկ քարոզուեց Աւետարանը նաե՛ւ մեռելներին, որպէսզի մարդկանց նման դատուեն մարմնով եւ կենդանի լինեն հոգով Աստծու նման։ 7Ամէն ինչի վախճանը մօտեցել է։ Զգաստացէ՛ք ուրեմն եւ արթո՛ւն եղէք աղօթքի համար։ 8Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէ՛ր ունեցէք, քանի որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։ 9Հիւրասէ՛ր եղէք միմեանց հանդէպ առանց տրտնջալու։ 10Իւրաքանչիւր ոք ինչպիսի շնորհ որ ընդունել է, ուրիշի հանդէպ թող նոյնը մատակարարի որպէս բարի տնտես Աստծու պէսպէս շնորհների։ 11Եթէ մէկը խօսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթէ մէկը մատակարարի, թող այդ լինի այն զօրութիւնից, որն Աստուած շնորհում է, որպէսզի ամէն ինչում Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք եւ զօրութի՜ւն յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

43Եւ երկու օր յետոյ նա ելաւ այնտեղից եւ գնաց Գալիլիա. 44քանի որ Յիսուս ինքն իսկ վկայել էր, թէ մարգարէն իր գաւառում պատիւ չունի։ 45Սակայն, երբ նա Գալիլիա եկաւ, գալիլիացիները նրան ընդունեցին, որովհետեւ նրանք եւս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղէմում՝ տօնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տօնին։ 46Յիսուս դարձեալ եկաւ Գալիլիայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել։ Պալատական մի պաշտօնատար կար, որի որդին հիւանդ էր Կափառնայումում։ 47Երբ նա լսեց, թէ Յիսուս Հրէաստանից Գալիլիա է եկել, եկաւ նրա մօտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մերձիմահ էր։ 48Յիսուս նրան ասաց. «Եթէ նշաններ եւ զարմանալի գործեր չտեսնէք, չէք հաւատում»։ 49Պաշտօնատարը նրան ասաց. «Տէ՛ր, իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի մեռել»։ 50Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եւ մարդը հաւատաց Յիսուսի ասած խօսքին ու գնաց։ 51Եւ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան, աւետիս տուեցին եւ ասացին, թէ նրա տղան կենդանի է։ 52Նա հարցրեց նրանց, թէ ո՞ր ժամին ապաքինուեց։ Նրան ասացին. «Երէկ, յետմիջօրէի ժամը մէկին ջերմը նրան թողեց»։ 53Հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր, երբ Յիսուս նրան ասաց՝ քո որդին կենդանի է։ Եւ հաւատաց ինքը, ու իր ամբողջ ընտանիքը։ 54Այս դարձեալ երկրորդ նշանն է, որ արեց Յիսուս՝ Հրէաստանից Գալիլիա գալուց յետոյ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

16«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ։ Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման։ 17Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. 18ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին։ 19Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. 20քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով։ 21Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն։ Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն։ 22Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի։ 23Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը։ 24Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը։ 25Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը։ 26Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի։ 27Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից։ 28Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը։ 29Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. 30եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են։ 31Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք։ 32Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։ 33Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»։ 34«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. 35քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից։ 36Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն։ 37Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ։ 38Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ։ 39Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի։ 40Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

10Եւ երբ առանձին մնաց, նրա շուրջը եղողները, աշակերտների հետ միասին, հարցրին նրան այս առակի մասին։ 11Եւ նրանց ասաց. «Ձեզ է տրուած իմանալ Աստծու արքայութեան խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամէն ինչ առակներով կը լինի, 12որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ մի գուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»։ 13Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, ապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները։ 14Նա, որ սերմանում է, Աստծու խօսքն է սերմանում։ 15Ճանապարհի եզերքին սերմանուածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, եւ սատանան գալիս է եւ դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանուած խօսքը։ 16Ապառաժի վրայ սերմանուածները այն մարդիկ են, որ, երբ լսում են խօսքը, իսկոյն ուրախութեամբ ընդունում են այն, 17եւ որովհետեւ իրենց մէջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խօսքի պատճառով նեղութիւն կամ հալածանք է վրայ հասնում, իսկոյն գայթակղւում են։ 18Իսկ նրանք, որ սերմանուեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը, 19սակայն այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները ներխուժում եւ խեղդում են խօսքը, եւ այն անպտուղ է լինում։ 20Եւ լաւ հողի մէջ սերմանուածները այն մարդիկ են, որ լսում են խօսքը եւ ընդունում ու պտուղ են տալիս. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»։