Ապրիլի 17 Գշ. ԱՁ. ԺԷ օր Յինանց

Astvacashunch yntercumner11 880x660 - Ապրիլի 17 Գշ. ԱՁ. ԺԷ օր Յինանց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.11‐35։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10.1‐23։ Ա Պետրոս 2.18‐25։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22‐36։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 9.18‐26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 3.20‐30։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

11Հետեւեալ օրը Յիսուս գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչւում. նրա հետ էին գնում նաեւ իր աշակերտները եւ բազում ժողովուրդ։ 12Երբ քաղաքի դարպասին մօտեցաւ, ահա դուրս էր բերւում մի մեռել, միակ որդին իր մօր, որ մի այրի կին էր. եւ քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։ 13Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան եւ ասաց. «Մի՛ լար»։ 14Մօտենալով՝ դագաղին դիպաւ։ Դագաղը տանողները կանգ առան։ Եւ նա ասաց. «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։ 15Մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել։ Եւ Յիսուս նրան մօրը տուեց։ 16Եւ ահը պատեց բոլորին. փառաւորում էին Աստծուն եւ ասում. «Մի մեծ մարգարէ է յայտնուել մեր մէջ», եւ՝ «Աստուած այցելութիւն է տուել իր ժողովրդին բարութեամբ»։ 17Եւ նրա մասին այս զրոյցը տարածուեց ամբողջ Հրէաստանում եւ երկրի բոլոր կողմերում։ 18Եւ Յովհաննէսին այս բոլորի մասին պատմեցին իր աշակերտները։ 19Եւ Յովհաննէսն իր աշակերտներից մի երկուսին իր մօտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մօտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 20Եւ այդ մարդիկ գալով նրա մօտ՝ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մօտ եւ ասում է. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 21Եւ նոյն ժամին նա շատերին բժշկեց հիւանդութիւններից, ցաւերի հարուածներից, չար ոգիներից եւ բազմաթիւ կոյրերի տեսողութիւն շնորհեց։ 22Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրւում են, խուլերը՝ լսում, մեռելները յարութիւն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում. 23եւ երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղուի»։ 24Եւ երբ Յովհաննէսի պատգամաւորները գնացին, նա սկսեց ժողովրդին խօսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժուող մի եղէ՞գ։ 25Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարուած մի մա՞րդ. ահաւասիկ նրանք, որ փառաւոր զգեստներով են եւ փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են լինում։ 26Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ, առաւել քան մի մարգարէ. 27որովհետեւ Յովհաննէսը նա է, որի մասին գրուած է. «Ահա քո առաջից ուղարկում եմ իմ պատգամաւորին, որպէսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի»։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ չկայ աւելի մեծ մարգարէ, քան Յովհաննէսը. բայց Աստծու արքայութեան մէջ ամենափոքրը աւելի մեծ է, քան թէ նա»։ 29Եւ երբ ամբողջ ժողովուրդը լսեց, նոյնպէս եւ մաքսաւորները, ընդունեցին Աստծու արդարութիւնը՝ մկրտուելով Յովհաննէսի մկրտութեամբ։ 30Իսկ փարիսեցիները եւ օրինականները իրենց հոգիներում Աստծու խորհուրդն անարգեցին նրանով, որ Յովհաննէսից չմկրտուեցին։ 31«Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, եւ ո՞ւմ են նման։ 32Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմեանց եւ ասում. «Փող զարկեցինք ձեզ համար, եւ չպարեցիք. ողբ ասացինք, եւ դուք լաց չեղաք»։ 33Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասացիք՝ նրա մէջ դեւ կայ։ 34Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. «Ահա ուտող եւ խմող մի մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ»։ 35Եւ իմաստութիւնը արդարացուեց իր որդիներից»։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

10 Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարիւրապետ «Իտալական» կոչուող գնդից. 2նա իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ եւ աստուածավախ լինելով՝ շատ ողորմութիւններ էր անում ժողովրդի մէջ եւ միշտ Աստծուն աղօթում էր։ 3Կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ տեսիլքի մէջ նա յայտնապէս տեսաւ Աստծու հրեշտակին, որ մտաւ իր մօտ ու իրեն ասաց՝ Կոռնելիո՛ս։ 4Եւ նա, երբ նրան նայեց, զարհուրեց ու ասաց՝ ի՞նչ է, Տէ՛ր։ Եւ հրեշտակը նրան ասաց. «Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները, յիշատակուելով, Աստծու առաջ ելան։ 5Եւ արդ, մարդիկ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչւում. 6նա մնում է կաշեգործ Սիմոնի մօտ, որի տունը ծովին մօտ է»։ 7Երբ իր հետ խօսող հրեշտակը գնաց, կանչեց ծառաներից երկուսին եւ իր սպասաւորներից բարեպաշտ մի զինուորի 8ու նրանց ամէն բան պատմելով՝ Յոպպէ ուղարկեց։ 9Յաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին եւ մօտեցել էին քաղաքին, Պետրոսը կէսօրին տանիք բարձրացաւ աղօթելու։ 10Նա քաղց զգաց եւ ուտել էր ուզում։ Եւ մինչ ճաշ էին պատրաստում, յափշտակութեան մէջ ընկաւ. 11եւ տեսնում էր երկինքը բացուած եւ չորս ծայրերից կախուած մի ինչ-որ անօթ, ինչպէս մի մեծ սփռոց, որ իջաւ նստեց երկրի վրայ։ 12Նրա մէջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները։ 13Եւ նրան հասաւ մի ձայն. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր»։ 14Եւ Պետրոսն ասաց. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք պիղծ եւ անմաքուր բան չեմ կերել»։ 15Ձայնը նրան կրկին անգամ հասաւ. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»։ 16Այս պատահեց երեք անգամ, եւ սփռոցը երկինք վերացաւ։ 17Եւ մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թէ տեսած տեսիլքն ի՛նչ է, ահա Կոռնելիոսի կողմից ուղարկուած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը, 18ձայն տուեցին ու հարցրին. «Սիմոնը, որ Պետրոս է կոչւում, այստե՞ղ է օթեւանել»։ 19Եւ մինչ Պետրոսը դեռ մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահաւասիկ ինչ-որ մարդիկ քեզ փնտռում են. 20ուստի դու վե՛ր կաց, իջի՛ր եւ առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետեւ նրանց ես եմ ուղարկել»։ 21Եւ երբ Պետրոսը նրանց մօտ իջաւ, ասաց. «Ում փնտռում էք, ահա ես եմ. ի՞նչ բանի համար էք եկել»։ 22Եւ նրանք ասացին. «Կոռնելիոս հարիւրապետը՝ մի արդար եւ աստուածավախ մարդ, որ ամբողջ հրեայ ազգի կողմից վկայուած է, սուրբ հրեշտակից հրաման ստացաւ քեզ կանչելու իր տունը եւ քեզնից լսելու, ինչ որ ասելու ես»։ 23Նա ներս կանչեց նրանց եւ իր մօտ օթեւան տուեց։ Յաջորդ օրը Պետրոսը վեր կացաւ գնաց նրանց հետ. Յոպպէում գտնուող եղբայրներից ոմանք եւս նրա հետ գնացին։

Ա Պետրոս

18Յարգեցէ՛ք բոլորին, սիրեցէ՛ք եղբայրութիւնը, վախեցէ՛ք Աստծուց, պատուեցէ՛ք թագաւորներին։ 19Ծառանե՛ր, ամէն ինչում երկիւղով հնազա՛նդ եղէք տէրերին, ոչ միայն բարիներին եւ հեզաբարոներին, այլեւ դաժաններին, 20քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մէկը յանիրաւի վիշտ է կրում բարի խղճով. 21քանզի ի՞նչ երախտիք կ՚ունենաք, եթէ, մեղանչելուց յետոյ, տանջուէք եւ համբերէք։ Իսկ եթէ բարիք գործէք եւ չարչարուէք ու համբերէք, այդ շնորհ է Աստծու մօտ. 22որովհետեւ այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. 23նա, որ մեղք չգործեց, եւ նրա բերանում նենգութիւնը տեղ չգտաւ. 24նա, որ նախատուելով՝ փոխարէնը չնախատեց, չարչարուելով՝ չսպառնաց, այլ յանձնուեց արդարութեամբ դատողին. 25նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարութեան համար. նա, որի վէրքերով բժշկուեցիք դուք։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

22Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։ 23Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին, 24քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել։ 25Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց։ 26Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»։ 27Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ։ 28Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից։ 29Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է։ 30Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ»։ 31«Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում։ 32Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում։ 33Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է, 34քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին տալիս է առանց չափի։ 35Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը։ 36Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

18Մինչ Յիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա մի իշխանաւոր, մօտենալով, երկրպագեց նրան ու ասաց. «Իմ դուստրը հէնց նոր մեռաւ, սակայն գայիր եւ քո ձեռքը նրա վրայ դնէիր, եւ նա կը կենդանանար»։ 19Յիսուս վեր կացաւ եւ իր աշակերտների հետ միասին գնաց նրա յետեւից։ 20Եւ ահա տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունեցող մի կին, յետեւից մօտենալով Յիսուսին, դիպաւ նրա զգեստի քղանցքին, 21քանի որ մտքում ասում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստին, կը փրկուեմ»։ 22Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»։ Եւ նոյն ժամին կինը բժշկուեց։ 23Երբ Յիսուս իշխանաւորի տունը եկաւ եւ տեսաւ փողհարներին ու մեծ ամբոխ, 24նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետեւ այդ աղջիկը ոչ թէ մեռած է, այլ ննջում է». 25եւ նրանք ծաղրում էին նրան։ Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, եւ աղջիկը վեր կացաւ։ 26Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
20Նրանք տուն վերադարձան. եւ ժողովուրդը նորից եկաւ նրանց հետ, այնպէս որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան։ 21Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է։ 22Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին։ 23Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։ 24Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ։ 25Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։ 26Եւ եթէ սատանան ինքն իր դէմ դուրս գայ եւ բաժանուած լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է։ 27Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուի. 29բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»։ 30Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ։