Ապրիլի 13 Շբ. ԱՁ. Յիշատակ Յարութեան Ղազարու

Astvacashunch1 - Ապրիլի 13  Շբ. ԱՁ. Յիշատակ Յարութեան Ղազարու

Առակներ 14.27-35։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.12-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 11.55-12.11։

Առակներ

27 Տիրոջ հրամանը կեանքի աղբիւր է,
որը խուսափել է տալիս մահուան որոգայթներից:
28 Թագաւորի փառքն իր զօրքերի բազմութեան մէջ է,
հզօրների կործանումը՝ իրենց ժողովրդի նուազելու մէջ:
29 Համբերատար մարդն օժտուած է մեծ խոհեմութեամբ,
բայց կարճամիտը շատ է անխելք:
30 Հեզաբարոյ մարդը սրտի բժիշկ է,
հոգս անող սիրտը՝ ոսկորների փտութիւն:
31 Տնանկին զրպարտողը բարկացնում է նրա Արարչին,
բայց ով պատւում է Աստծուն, նա ողորմում է աղքատին:
32 Ամբարիշտը պիտի մերժուի իր չարիքի պատճառով,
բայց իր անձի համար մաքրութիւն ցանկացողը արդար կը լինի:
33 Իմաստութիւնը հանգիստ է գտնում բարի սրտում,
բայց անմիտների սիրտը չի ճանաչում այն:
34 Արդարութիւնը բարձրացնում է ազգը,
բայց մեղքը ազգեր է նուազեցնում:
35 Խելացի սպասաւորը հաճելի է թագաւորին.
իր փութաջանութեամբ նա թօթափում է անարգանքը:
Բարկութիւնը կործանում է նոյնիսկ իմաստուններին:

Ա Թեսաղոնիկեցիներ

12Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն։ 13Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի բերի նրա հետ։ 14Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին, 15որովհետեւ Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն. 16ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք-տարուենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք։ 17Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

55Եւ հրեաների զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն։ 56Յիսուսին փնտռում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»։ Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ, եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն։
12 Իսկ Յիսուս զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել։ 2Եւ այնտեղ նրան ընթրիք տուին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր։ 3Իսկ Մարիամը մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով՝ օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով։ 4Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. 5«Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանի եւ չտրուեց աղքատներին»։ 6Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում։ 7Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ։ 8Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք։ Ինձ միշտ ձեզ հետ չունէք»։ 9Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ. ոչ միայն Յիսուսի պատճառով, այլ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել։ 10Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, 11քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին։

Ղազարոսի հարության հիշատակը