ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Garegin b 1 880x654 - ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Սիրելի սգակիր ժողովուրդ,
Այսօր աղոթքով և տխուր սրտով հրաժեշտ ենք տալիս Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ, աշխարհահռչակ ծանրորդ, ի Տեր հանգուցյալ Յուրի Վարդանյանին։
Լուսավոր ու ջերմ զգացումներով ենք անդրադառնում նրա երկրավոր կյանքի անցած ուղուն, ազգային մեր անդաստանում նրա գովարժան ավանդին, մարզաշխարհում ունեցած մեծ հռչակին ու բացառիկ ներդրումին և բազմաթիվ հայորդյաց ու տարբեր ազգերի մարզասերներին նրա փոխանցած ոգեշնչումին։
Բարեհիշատակ Յուրի Վարդանյանն իր մեջ կրում էր մեր ժողովրդի անկոտրում կամքի ու մաքառումների վկայությունը, հաղթանակներ կերտելու աննկուն ոգին: Ծանրամարտի մրցասպարեզում բացառիկ ելույթներով նա միշտ նոր նվաճումներ արձանագրեց՝ դառնալով Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն: Աշխարհի առաջնություններում տասնյակ ռեկորդներ սահմանելով նա հավելեց փառքն ու հեղինակությունը մեր ժողովրդի։ Մարզական իր փայլուն ուղիով, անձնական օրինակով, նաև մարզչական աշխատանքով մեծանուն հայորդին քաջալերել ու ոգեշնչել է նոր սերնդի մարզիկներին։
Լուսահոգի Յուրի Վարդանյանին ուժ էր տալիս և սնում նրա անպարտելի կամքն ու ոգին հայրենի երկիրը հզոր ու առաջընթացի մեջ տեսնելու երազանքը: Այդ ոգին դրսևորվում էր ոչ միայն ծանրամարտի հարթակում, այլև հայրենի մեր պետության նորոգ առաջընթացին ու մեր ժողովրդի բարօր գալիքի կերտմանը ծառայելու ձգտումի ու նվիրումի մեջ, որով նա ստանձնեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի և Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնները։
Հրաժեշտի այս պահին հոգելույս Յուրի Վարդանյանի պայծառ կերպարը՝ իր դյուցազնական ոգով, իր հայկյան ուժով, իր փառքի ու հռչակի մեջ, մեր առջև հառնում է նաև իր պարզահոգությամբ, բարի ու վեհանձն նկարագրով:
Ամենքիս համար ցավ է արժանավոր հայորդու անժամանակ մահը։ Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ բերում ենք Մեր վշտակցությունը ննջեցյալի ընտանիքին և բոլոր սգացյալներին։
«Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. 25.34),- ասում է Քրիստոս աստվածահաճո և հավատավոր կյանքով ապրած Իր հետևորդներին: Տերունական այս կոչի համաձայն՝ հոգելույս Յուրի Վարդանյանը ժամանակավոր այս կյանքից անցնում է հանգրվանելու աստվածաշնորհ հավիտենական երանության, խաղաղության ու հանգստության մեջ:
Ի խորոց սրտի աղոթքով առ Բարեգութն Աստված հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունը բարեհիշատակ Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր վշտացյալներին։ Թող նրա պանծալի անունը հավերժ ապրի հայորդյաց սրտերում:
Խունկ, աղոթք և օրհնություն մեծանուն հայորդու լույս հիշատակին: