Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի քաղաքապետին (նկարներ)

 Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի քաղաքապետ տիար Հայկ Մարությանին:

 Ողջունելով քաղաքապետի առաջին պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը հաջողություններ մաղթեց պրն. Մարությանին և իր վարչակազմին՝ կարևորելով բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և առկա խնդիրների լուծմանը:

 Հայոց Հովվապետը նաև գնահատանքով անդրադարձավ Մայր Աթոռի և Երևանի քաղաքապետարանի միջև առկա արդյունավետ գործակցությանը։

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետն իր հերթին Նորին Սրբությանը ներկայացրեց մայրաքաղաքի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Պրն․ Հայկ Մարությանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել Եկեղեցու և քաղաքի միջև փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը ի նպաստ երևանաբնակ ժողովրդի։

 Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մայրաքաղաքում եկեղեցապատկան կառույցների՝ երեք հայորդյաց տների, մանրանկարչության դպրոցի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար վարպետաց տան, բարեգործական ճաշարանների, մանուկների խնամքի ցերեկային կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև եկեղեցիների խնամքին ու պահպանությանը վերաբերող հարցերին։