19 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վոլոգդայի նահանգապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վոլոգդայի նահանգապետին

Դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի:
Պարոն Ղահրամանյանը Հայոց Հայրապետին ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի և Վոլոգդայի մարզի կառավարության միջև տարբեր ոլորտներում ձևավորված սերտ համագործակցությունը և հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները:
Ողջունելով երկու մարզերի գործակցությունը` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց մարզպետներին և հաջող ընթացք մաղթեց նախանշվող ծրագրերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նմանօրինակ միջպետական համագործակցությունը, ինչը նոր լիցք է հաղորդում երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը և ջերմ փոխհարաբերություններին:
Վոլոգդայի նահանգապետը իր հերթին ուրախություն հայտնեց հանդիպման առիթով և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Վոլոգդայի մարզը, մարզի կյանքում վերջին տարիներին արձանագրված տնտեսական ու մշակութային ձեռքբերումները: Պրն. Օլեգ Կուվշիննիկովը դրանում կարևորեց նաև հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:
Անդրադառնալով մարզի հայ համայնքի կյանքին` նահանգապետը տեղեկացրեց, որ մարզում գործում է հայկական մշակութային կենտրոն, բացվել է կիրակնօրյա դպրոց, խոսեց հայկական եկեղեցու կառուցման ծրագրի մասին:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ առաջին քայլերն արդեն իսկ ձեռնարկվել են. Մայր Աթոռի կողմից հաստատվել է եկեղեցական համալիրի նախագիծը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց պրն. Օլեգ Կուվշիննիկովին` Վոլոգդայի հայ համայնքին ցուցաբերվող ազնիվ զորակցության համար, որի շնորհիվ առաջիկա տարիներին հայորդիները կունենան նաև իրենց աղոթատունը:
Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որպեսզի Աստված ջերմ ու հաստատուն պահի երկու ժողովուրդների եղբայրական հարաբերությունները և մարզերի միջև ձևավորված կապերն արդյունավորվեն գեղեցիկ նոր ձեռքբերումներով: