Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի դեսպանին

16 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի դեսպանին

 Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Էյջի Տագուչիին:

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպան Տագուչիին` պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերի և արդյունավետ գործունեության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև արձանագրեց, որ մեծապես տպավորված է Ճապոնիայի կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտած առաջընթացով, ինչպես նաև երկրի առջև ծառացած դժվարությունների ու մարտահրավերների հաղթահարման գործում ժողովրդի կողմից դրսևորած տոկոնությամբ և արիությամբ:

Իր հերթին դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանն ուրախությամբ փաստեց, որ ինքն առաջին դեսպանն է, որի նստավայրը եղել է Հայաստանի Հանրապետությունում, ինչը նպաստել է երկու երկրների միջև կապերի առավել զարգացմանը: Վերջինս նաև շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այն համագործակցության և զորակցության համար, որ ցուցաբերվել է հայ-ճապոնական մշակութային կապերի զորացման գործում:

Վերջում Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: