Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ կրթության և գիտության նախարարին (նկարներ)

 Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի:

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա դարավոր սերտ ու բարեկամական կապերի առիթով: Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու նախարարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` կարևոր նկատելով կրթական ոլորտում նման շփումները և փորձի փոխանակումը աճող սերնդի կրթության ու դաստիարակության գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախարար Վասիլևային տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կրթության և գիտության նախարարության արգասավոր համագործակցության ու համատեղ իրականացվող միջոցառումների մասին` ընդգծելով կրթական համակարգում ազգային, հոգևոր արժեքների ուսուցման կարևորությունը: Նորին Սրբությունը նախարարին ներկայացրեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող կրթական հաստատությունների` Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան դպրանոցի, Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի, «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի, Գևորգ Էմինի անվան Երևանի թիվ 182 դպրոցի, Հայորդյաց տների և այլ կրթական կենտրոնների գործունեությունն ու դրանց կարգավիճակը, անդրադարձ կատարեց հանրակարթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց տարբեր ոլորտներում, և ի մասնավորի կրթության ասպարեզում, Հայոց Եկեղեցուն հայրենի իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցությունը:

ՌԴ կրթության և գիտության նախարարը ևս ուրախություն հայտնեց հանդիպման առիթով, ապա Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց կրթական համակարգում տեղ գտած բարեփոխումների վերաբերյալ: Մասնավոր անդրադարձ կատարվեց աստվածաբանության գծով ասպիրանտական կրթությանը և պետության կողմից Եկեղեցու հոգևոր-կրթական հաստատությունների ճանաչմանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը հետաքրքրվեց նաև Ռուսաստանում բնակվող հայորդիների` հայոց լեզվի, մշակույթի և պատմության ուսուցման հնարավորությունների վերաբերյալ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որպեսզի Աստված հաստատուն և անխախտ պահի հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը և արդյունավորի նախարար Օլգա Վասիլևայի գործունեությունն ու առաքելությունը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: