Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասիսի շրջանի ուխտավորներին (նկարներ)

04.03.03 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մասիսի շրջանի ուխտավորներին (նկարներ)

 Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասիսի շրջանի Դաշտավան, Զորակ և Նիզամի գյուղերի շուրջ հարյուր դպրոցականների և ուսուցիչների, որոնք հայոց հոգևոր կենտրոն էին ժամանել իրենց որդիական խոնարհումը բերելու և շնորհավորելու Ամենայն Հայոց Հայրապետին օծման ու գահակալության 20-րդ տարեդարձի առիթով:

 Հանդիպմանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

 Ուխտավորներին ուղեկցում էր Մասիսի շրջանի Դաշտավան համայնքի  հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանը:

 Տեր Հայրը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը գահակալման քսանամյակի կապակցությամբ՝ մաղթելով արևշատ օրեր և բազմաբեղուն հովվապետություն:

 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ուխտավորներին՝ գոհունակություն հայտնելով Մայր Աթոռ այցելելու առիթով: Նորին Սրբությունը հիշեցրեց, որ 2019թ. հռչակվել է Ընտանիքի տարի և այս առնչությամբ հորդորեց ուխտավորներին սրբությամբ պահել ազգային ավանդույթներն ու ընտանեկան արժեքները:

 Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները փոխանցեց ուխտավոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստծո Սուրբ Աջը մշտապես հովանի լինի և իր առատ շնորհները հեղի նրանց վրա, որպեսզի ապրեն խաղաղ և շենացնեն հայրենի մեր երկիրը:

04.03.01 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մասիսի շրջանի ուխտավորներին (նկարներ)04.03.02 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մասիսի շրջանի ուխտավորներին (նկարներ)04.03.03 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մասիսի շրջանի ուխտավորներին (նկարներ)04.03.04 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մասիսի շրջանի ուխտավորներին (նկարներ)