Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետին

21 2 1 880x660 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետին

 Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սարգիս Աղաջանին՝ ուղեկցությամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց հյուրին` դժվարին տարիներին Իրաքում տարբեր ազգությունների քրիստոնյաներին՝ այդ թվում նաև հայերին, ցույց տրված աջակցության և անվտանգ ապաստան տրամադրելու համար:

Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց տիար Աղաջանին Դհոք քաղաքում հայկական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու և հայկական Հավրեզք բնակավայրի կառուցումը հովանավորելու, ինչպես նաև Էրբիլ քաղաքի հայկական նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու տարածքը բարեկարգելու համար:

Իր հերթին պրն. Սարգիս Աղաջանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հավաստիացրեց, որ շարունակելու է իր օգտակարությունն ու աջակցությունը բերել Իրաքի քրիստոնեական համայնքներին: Վերջինս տեղեկություններ փոխանցեց Վեհափառ Հայրապետին Իրաքում բնակվող քրիստոնյաների ներկայիս կացության մասին:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը տիար Սարգիս Աղաջանին մաղթեց Աստծո պահպանության ներքո շարունակելու իր աստվածահաճո և արդյունավոր գործունեությունը: