14 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի և Կիպրոսի պատվիրակություններին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի և Կիպրոսի պատվիրակություններին

 Դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին և Կիպրոսի Հանրապետության նախագահի` հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակությունները՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակաբյանի:

 Տիկին Հրանուշ Հակոբյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հունաստանի և Կիպրոսի պատվիրակությունների Հայաստան այցի նպատակը, կարևորեց սփյուռքի հարցերի շուրջ սկզբնավորվող եռակողմ համագործակցությունը, որն ազդարարվեց ՀՀ Սփյուռքի նախարարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:

 Այնուհետև Վեհափառ Հայրապետը ողջունեց հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նշելով, որ նման գործակցության համար ամուր հիմք են ծառայում դարերով ձևավորված սերտ հարաբերությունները: Նորին Սրբությունը կարևորեց պատմական հանգամանքների բերումով տարբեր երկրներում ապաստան գտած հայ և հույն ժողուրդների զավակների նկատմամբ դրսևորվող հոգատարությունը, ինչը կնպաստի սփյուռքի առջև ծառացող արդի մարտահրավերների հաղթահարմանը և ազգային ինքնության պահպանմանը:

 Գարեգին Բ Կաթողիկոսը կարևորեց Սփյուռքում երեք համայնքների փոխադարձ զորակցությունը, որպեսզի կարողանան հասնել իրենց ժողովուրդների դեմ պատմության ընթացքում գործված անարդարության ճանաչմանը և միջազգայնորեն դատապարտմանը:

 Սփյուռքի համախմբման գործում Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց եկեղեցիների առաքելությունը, անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա բարեկամական հարաբերություններին ու սփյուռքի տարբեր համայնքներում սերտ համագործակցությանը:

 Իր հերթին Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը նշեց, որ սփյուռքի համախմբվածության ամենակարևոր կամուրջը կրոնն է և եկեղեցին` կարևորելով եկեղեցու դերակատարությունը սփյուռքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

 Զրույցի ընթացքում Կիպրոսի նախագահի` հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը Նորին Սրբությանը փոխանցեց Կիպրոսի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները: Պրն. Ֆոտիսն բարձրորեն արտահայտվեց Կիպրոսի հայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ այն Կիպրոսի ժողովրդի կարևոր մասն է կազմում: Հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարը նույնպես անդրադարձավ սփյուռքի խնդիրներին՝ դրանց հաղթահարման գործում կարևորելով երեք երկրների համատեղ ջանքերը: Վերջինս նկատեց նաև, որ Սփյուռքը մեծ ուժ է և կարող է իր հերթին նպաստել ազգային շահերին:

 Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան: