Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին

12 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին

 Մարտի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մենդոնսա Սանկտոսին և նրա տիկնոջը` Սիմոնե Հագենաուեր Ռոգատտի Սանկտոսին:

Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը կարևորեց հայ-բրազիլական կապերի ամրապնդումը և գործակցության հետագա խթանումը:

Ամենայն Հայոց Հայրապետն այս առնչությամբ գոհունակությամբ անդրադարձավ Բրազիլիայի դեսպանության հետ Մայր Աթոռի սերտ կապերին:

Հայոց Հովվապետը վերհիշեց Բրազիլիա կատարած իր հովվապետական այցելությունները` նշելով, որ մեծապես տպավորված է Բրազիլիայի ժողովրդի զորեղ հավատքով: Գարեգին Բ Կաթողիկոսը նաև ուրախությամբ արձանագրեց, որ Բրազիլիայի հայությունը՝ իբրև կայացած համայնք, իր կարևոր ներդրումն է բերում երկրի առաջընթացին՝ ըստ արժանվույն գնահատվելով իշխանությունների կողմից:

Այնուհետև նորանշանակ դեսպանը Գարեգին Բ Վեհափառին ներկայացրեց առաջիկա իր ծրագրերը, որոնցով պիտի ջանա ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը Բրազիլիայում:

Զրույցի ընթացքում դեսպանը կարևորեց հայ-բրազիլական մշակութային և տնտեսական կապերի զորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, լուսաբանություններ տվեց Բրազիլիայի ժողովրդի հոգևոր կյանքի վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: