Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

 Նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:

Գարեգին Բ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ երկու ժողովուրդների միջև առկա դարավոր ջերմ հարաբերություններն այսօր շարունակում են զարգանալ և պտղաբերել: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ պատմության ընթացքում ռումինահայ համայնքը իր կարևոր ներդրումն է ունեցել Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում և այսօր էլ ամբողջապես ներգրավված է երկրի կյանքում:

Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ առանձնակի ջերմությամբ է հիշում Ռումինիա կատարած իր հովվապետական այցերը:

Դեսպան Սորին Վասիլեն ևս Նորին Սրբությանը փոխանցեց Հայաստանում պաշտոնավարման ընթացքում ստացած իր ջերմ տպավորությունները: Դեսպանը մասնավոր անդրադարձ կատարեց Մայր Աթոռի հետ ունեցած սերտ գործակցությանը, ինչպես նաև խոսեց աշխարհասփյուռ հայ ժողովրդի միասնականության պահպանման գործում Հայ Եկեղեցու կարևոր առաքելության մասին:

Վերջում, Աստծո օրհնությունը հայցելով երկու երկրների հարաբերություններին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց դեսպանին իր հետագա դիվանագիտական առաքելության մեջ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: