Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Լիտվայի դեսպանին (նկարներ)

 Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

 Իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին առաքելության ստանձնման առիթով` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Լիտվայի և Հայաստանի միջև ձևավորված դիվանագիտական հարաբերություններին և սերտ գործակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև խոսեց Լիտվայի հայ համայնքի և նրա հոգևոր խնամքի մասին:

 Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը վերհիշեց արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին հայ ժողովրդին լիտվացիների կողմից ցուցաբերված զորակցությունը:

 Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ևս անդրադարձ կատարեց երկկողմ հարաբերություններին և դրանց ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին` կարևորելով նաև փորձի փոխանակումը երկու երկրների միջև: Լիտվայի հայ համայնքի առնչությամբ տիկ. Ստանիտե-Տոլոչկիենեն հաստատեց, որ հայերը հարգված քաղաքացիներ են, որ իրենց օգտակար ներդրումն են բերում տարբեր ոլորտներում:

 Հանդիպմանը խոսվեց նաև Քույր Եկեղեցիների հետ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու փոխհարաբերությունների մասին:

 Վերջում դեսպանն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով Մայր Աթոռում պահպանվող հոգևոր-մշակութային արժեքներին: