Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)

Har rus 18 2 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)

 Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին թեմի հոգևոր սպասավորներ, թեմական խորհրդի անդամներ, բարերարներ և տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

 Հանդիպման ընթացքում Մովսես Սրբազանին հանձնվեց արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Դեռևս փետրվարի 26-ին` Ս. Ղևոնդյանց քահանաների տոնին, Վեհափառ Հայրապետի կողմից Մովսես Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում տարիների վաստակի և նվիրյալ ծառայության:

 Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Հարավային Ռուսաստանի հայոց թեմի պատվիրակությանը ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

 Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ընթերցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որում մասնավորապես ասված է.

 «Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում և Զագորսկի Հոգևոր Ակադեմիայում ավարտելով Ձեր հոգևոր ուսումնառության ու պատրաստության շրջանը՝ Դուք Տիրոջ կանչով նվիրվեցիք ավետարանի լույսը մեր ժողովրդի կյանքում տարածելու սրբազան գործին՝ որպես կուսակրոն հոգևորական Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:

 Երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի օրհնությամբ Դուք հովվական ծառայության կոչվեցիք Մոսկվայի Սբ. Հարություն եկեղեցում, ապա օրինակելի նվիրումով վարեցիք Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր պաշտոնը` Ձեր պարտականությանց մեջ միշտ դրսևորելով ծառայական մշտարթուն ոգի և աննվազ նախանձախնդրություն՝ հանդեպ մեր Եկեղեցին և Քրիստոսասեր մեր ժողովուրդը:

 Ձեր ծառայագործությունը առավելաբար արդյունավոր եղավ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում, ուր, որպես առաջնորդ, պաշտոնավարում եք շուրջ քսան տարիներ: Մենք ուրախ ենք մեծապես, որ Դուք կարողացել եք շահել հավատավոր հայորդիների սերն ու գնահատանքը և միավորել նրանց ջանքերը` հանուն Տիրախնամ թեմում հոգևոր վերազարթոնքի: Այս տարիների ընթացքին Ձեր քաջալերանքով և նախաձեռնությամբ թեմում կառուցվել են նոր եկեղեցիներ, իրագործվել բազում եկեղեցաշեն ու ազգանվեր ծրագրեր` շինություն և պայծառություն հավելելով Քրիստոսահիմն մեր Սուրբ Եկեղեցուն»:

 Հայրապետական կոնդակի հրապարակումից հետո Նորին Սրբությունն այն հանձնեց Մովսես Սրբազանին, ապա նրան ընծայաբերեց նաև եպիսկոպոսական պանակե:

 Թեմի համար ոգևորիչ այս առիթով իր սրտի խոսքն ասաց թեմական խորհրդի ատենապետ տիար Մարտին Հովհաննիսյանը: Վերջինս իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին շատ ուրախալի և անսպասելի արարողության, ինչպես նաև երիտասարդ իրենց թեմի նկատմամբ դրսևորվող հայրական ուշադրության համար` հավաստիացնելով, որ մշտապես ջանում են իրենց ծառայությամբ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի պատիվը բարձր պահել:

 Իր ապրումները ներկաներին փոխանցեց նաև Գերաշնորհ Մովսես արքեպիսկոպոսը: Շնորհակալություն հայտնելով բարձր պատվի արժանացնելու համար` Սրբազանը վերհիշեց թեմում իր նշանակումը` հաստատելով, որ առաջնորդության շուրջ քսան տարիների ընթացքում փորձել է իր հոգևոր ու մտավոր կարողություններն առավելագույնս ծառայեցնել թեմի հոգևոր և ազգային կյանքի զարգացմանը: Մովսես Սրբազանը նաև ընդգծեց, որ այս պատիվով ավելի է մեծանում պատասխանատվությունը և շատանում պարտականությունները, որոնք պիտի կատարի սիրով և հանձնառությամբ:

 Հանդիպումն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Ողջունելով թեմի ներկայացուցչական պատվիրակությանը` Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ Մովսես Սրբազանի տարիների վաստակին, խոնարհ, նվիրյալ ծառայությանը, որով ջանքեր է գործադրել, որպեսզի զորանա հոգևոր կյանքը, պատշաճ խնամք ցուցաբերվի Հարավային Ռուսաստանում բնակվող հայորդիների նկատմամբ, ապրեն հավատարիմ իրենց ազգային ինքնությանը, հոգևոր-ազգային արժեքներին ու ավանդներին: Խոսելով Ռուսաստանում հայոց ներկայության շուրջ հազարամյա պատմության և ազգային ավանդույթների պահպանության անհրաժեշտության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորությամբ ընդգծեց, որ եկեղեցին է, որ պետք է համախումբ պահի մեր ժողովրդին այդ արժեքների շուրջ, արթուն պահի հայ ոգին ու գիտակցությունը, որպեսզի հպարտ ապրեն իրենց ազգային ինքությամբ:

 Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ թեմն առավել զորանում և զարգանում է` ընդլայնելով իր հոգևոր-ազգային գործունեությունը: Գոհունակություն հայտնելով Կրասնոդարի մայր եկեղեցու կառուցման առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց բոլոր այն անձանց, ովքեր կարելիի շրջանակներում աջակցում են Հարավային Ռուսաստանում շեն ու պայծառ հայոց կյանքի կերտման սրբազան գործին:

 Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տերն Իր շնորհները հեղի հայորդիների կյանքից ներս և առատացնի հայրենաշեն ու եկեղեցանվեր բարի գործերը:

Har rus 18 2 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)Har rus 18 2 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)Har rus 18 2 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)Har rus 18 2 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)Har rus 18 2 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)Har rus 18 2 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)Har rus 18 2 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)Har rus 18 2 8 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)Har rus 18 2 9 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)