Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին

10 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին

 Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2015 թ. մարտին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների ժամանակ, ծանր վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի:

Հայրենյաց պաշտպան սպան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ անհրաժեշտ բուժում էր ստացել Հնդկաստանում և օրեր առաջ վերադարձել Հայրենիք:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քաջարի ծառայության համար իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը բերելով ավագ լեյտենանտ Ս. Գաբրիելյանին, խոր ցավով անդրադարձավ սպայի վիրավորմանը և վստահություն հայտնեց, որ նա միևնույն ոգով կշարունակի ծառայել Հայրենիքին ու հայ ժողովրդին:

Իր հերթին ավագ լեյտենանտ Ս. Գաբրիելյանը հոգածու վերաբերմունքի և ստանձնած խնամատարության համար երախտագիտություն հայտնեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին ու Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչությանը:

Նորին Սրբությունը, աղոթք վերառաքելով առ Աստված, մաղթեց, որ Ամենակալ Տերն իր հարատև օրհնության ներքո պահի արիասիրտ հայորդուն, և վերջինս Երկնավորի զորակցությամբ իր կյանքն ապրի բարի ու գեղեցիկ իրագործումներով:

Վերջում Վեհափառ Հայրապետը նաև աղոթեց, որ Աստված խաղաղության մեջ պահի ու պահպանի Հայրենիքի սահմանները և հետայսու այսօրինակ ցավալի իրողությունները տեղ չգտնեն հայոց կյանքում:

10 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին10 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին10 3 Sargis Gabrielyan - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին10 4 Vrtanes Srbazan - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին10 5 Hayr Movses - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին