Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արագածոտնի թեմի քահանաներին (նկարներ)

 Օգոստոսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին` առաջնորդությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի:

 Տերունական աղոթքից հետո «Հայաստանի կրոնական փոքրամասնությունների առանձնահատկությունները» թեմայով բանախոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը ներկայացրեց Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների գործունեությունը և դրանց նկատմամբ Մայր Աթոռի որդեգրած մոտեցումները: Քննարկումների ընթացքում Հայր Շահեն անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու և ավանդական մյուս եկեղեցիների միջև ձևավորված միջկրոնական, ծիսական փոխհարաբերություններին ու առկա խնդիրներին:

 Այնուհետև հանդիպմանը Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների, դրանցում առկա խնդիրների, մարտահրավերների և արտահայտված մտահոգությունների մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ մեկ անգամ ևս հաստատելով Մայր Աթոռի դիրքորոշումներն այս հարցերի վերաբերյալ: Հայր Զաքարիան մասնավոր անդրադարձ կատարեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկային՝ նշելով, որ անընդունելի է առարկայի՝ որպես առանձին  բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից։

 Զեկույցից հետո տեղի ունեցած քննարկումների ժամանակ Նորին Սրբությունը, պատասխանելով քահանաների հարցերին, կարևոր համարեց Եկեղեցու և հոգևորականների դերակատարությունը սերունդների կրթադաստիարակչական գործում` ընդգծելով յուրաքանչյուր հոգևորականի անշահախնդիր ծառայության կարևորությունը համայնքներից ներս:

 Իրենց հերթին քահանա հայրերը Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցեցին իրենց համայնքներում ծավալած գործունեության և իրականացվող ծրագրերի մասին:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց թեմի քահանայից դասին՝ իրենց հովվական ծառայությունն անմնացորդ նվիրումով իրականացնելու համար։ Վեհափառ Հայրապետը կարևորեց ծխական համայնքների ձևավորումը՝ ի նպաստ հոգևոր կյանքի առավել զարգացման ու Եկեղեցու առաքելության առավել արդյունավորման: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը փոխանցեց Մկրտիչ Սրբազանին թեմի հոգևոր կյանքի առաջընթացին ուղղված ջանադիր աշխատանքի ու անսպառ եռանդի համար:

 Հայոց Հովվապետը եկեղեցականներին հորդորեց նույն ջանասիրությամբ ու նախանձախնդրությամբ շարունակել իրենց ծառայությունը հանուն հայ ժողովրդի  բարօրության և հայրենի երկրի պայծառացման ու զորացման: