Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

 Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին` Բունդեսթագի ընտրություններում Քրիստոնյա-դեմոկրատական դաշինքի հաղթանակի կապակցությամբ:

 «Գերմանիան Ձեր իմաստուն առաջնորդությամբ կարողացավ հաղթահարել վերջին տարիներին առաջ եկած քաղաքական, տնտեսական մարտահրավերներն ու դժվարությունները և շարունակեց իր զարգացման վերընթաց ուղին՝ կարևոր ներդրում ունենալով նաև աշխարհում կայուն խաղաղության ամրապնդման գործում։ Ուրախ ենք, որ Գերմանիայի ժողովուրդը, բարձր գնահատելով Ձեր կարողություններն ու փորձառությունը, պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունը առաջիկա տարիներին դարձյալ վստահեց Ձեզ:

 Մեր մաղթանքն է, որ հայ-գերմանական միջպետական զարգացող հարաբերությունները շարունակեն արդյունավորվել՝ ի նպաստ մեր երկու ժողովուրդների բարօրության։

 Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ ու անվտանգ պահի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և օրհնի բարեսեր Ձեր ժողովրդին», – ասված է Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորագրում: