Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը (նկարներ)

 Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնվող բաժինների պաշտոնեության հետ:
Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պիտի շարունակի լծակից լինել Հայոց Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն ծրագրերի իրականացման գործում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Մայր Աթոռի Համակարգչային և ինժիներատեխնիկական սպասարկման բաժնի տնօրեն տիար Սմբատ Մարգարյանը:
Այնուհետև Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորեց և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը, ուրախություն հայտնելով տարեսկզբի օրերին այս հանդիպման առիթով, իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի աշխատակազմին այն աշխատանքի համար, որ իրականացվում է սիրով, նվիրումով ու նախանձախնդրությամբ:
Գարեգին Բ Վեհափառն անդրադարձ կատարեց առաջիկա ծրագրերին, խոսեց մասնավորապես տարվա ընթացքում տոնախմբվելիք հոբելյաններին` Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և նախատեսվող միջոցառումներին Մայր Աթոռի կարևոր մասնակցության մասին: Նորին Սրբությունը տեղեկացրեց նաև 2018 թվականը Երիտասարդության տարի հռչակելու առիթով Սփյուռքի թեմերից դեպի Հայաստան ծրագրվող բազմաթիվ երիտասարդական ուխտագնացությունների և այլ միջոցառումների մասին:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Հայրապետը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջություն և ընտանեկան երջանկություն՝ հայցելով Երկնավորին` Իր օրհնությունն ու շնորհները հեղել նրանց օջախներից ներս, որպեսզի ուրախության զգացումով կարողանան իրենց ամբողջանվեր ծառայությունը բերել Սուրբ Եկեղեցուն: