Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց արև-երեխաների

21 6 880x660 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հյուրընկալեց արև-երեխաների

Մարտի 21-ին, Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա առիթով  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց արև-երեխաների՝ ուղեկցությամբ «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության հիմնադիր, Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի:

Հայոց Հովվապետը քաղցրությամբ հիշեց արև-երեխաների հետ ամիսներ առաջ ունեցած հանդիպումը` նշելով, որ մխիթարություն է ապրում՝ տեսնելով նրանց հանդեպ ցուցաբերվող սերն ու գուրգուրանքը: Նորին Սրբությունն ընդգծեց, որ այդ սիրո և ուշադրության շնորհիվ միայն նրանք կկարողանան ապրել որպես հանրության լիարժեք անդամներ և գտնել իրենց տեղը հանրային կյանքում: Վեհափառը նաև վստահություն հայտնեց, որ հանրության կողմից առանձնակի ուշադրությունը հնարավորություն կտա արև-երեխաներին զարգացնելու Աստծուց տրված իրենց տաղանդներն ու շնորհները և  լիարժեքորեն դրսևորելու դրանք իրենց կյանքում:

Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ծնողներին և խնամակալներին՝ մասնավորապես գոհունակությամբ անդրադառնալով եկեղեցականների կարևոր ծառայությանն այս ոլորտում:

Իր խոսքում կարևորելով արև-երեխաների և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների նկատմամբ խնամքը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ նրանց ներկայությունը մեր կյանքում Աստծու կողմից ընձեռնված առիթ է՝ դրսևորելու ճշմարիտ քրիստոնեական ոգի, սեր և հոգատարություն:

Հանդիպմանը Գրիգոր քահանան իր որդիական երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը՝ սոցիալական ոլորտում Մայր Աթոռի կողմից իրականացվող բազում օգտաշատ ծրագրերի և մասնավորապես արև-երեխաների նկատմամբ Հայոց Հայրապետի մասնավոր ուշադրության համար: Տեր Հայրը տեղեկացրեց, որ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնը Երևանում Նորին Սրբության օրհնությամբ հատկացված տարածքում արդեն լիարժեքորեն կազմակերպում է իր գործունեությունը՝ տարբեր մասնագիտական ծառայություններ մատուցելով կենտրոնում արձանագրված հարյուր մանուկների: Տեր Գրիգորը նաև ներկայացրեց առկա մարտահրավերները և կենտրոնի առաջիկա անելիքները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթեց արև-երեխաների հետ, «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նրանց՝ վերստին արտահայտելով Մայր Աթոռի պատրաստակամությունը՝ շարունակել առկա հնարավորությունները ծառայեցնել և անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել ի նպաստ արև-երեխաների նման օրհնյալ ծառայության արդյունավորման:

21 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հյուրընկալեց արև-երեխաների21 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հյուրընկալեց արև-երեխաների21 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հյուրընկալեց արև-երեխաների21 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հյուրընկալեց արև-երեխաների21 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հյուրընկալեց արև-երեխաների21 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հյուրընկալեց արև-երեխաների