Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

 Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց մեկամսյա վերապատրաստման հերթական դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից ժամանած թվով 23 եկեղեցականների հետ:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, սույն թվականի փետրվարի 11-ից մեկնարկած վերապատրաստման այս դասընթացները կրում են պարբերական բնույթ: Հովանավորությամբ Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների, «Գարեգին Ա» կենտրոնում կազմակերպվող այս ծրագիրը համակարգում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Մասնակից հոգևորականները թարմացնում են իրենց ծիսական, աստվածաբանական և պատմական գիտելիքները, մասնակցում են Միածնաէջ Մայր Տաճարում կատարվող աղոթասացությանը: Առ այսօր քահանաների վերապատրաստման դասընթացներին մասնակցել են թվով 60 հոգևորականներ:

 Հանդիպմանը ծրագրի պատասխանատու Եզնիկ արքեպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց դասընթացների մասնակիցներին` նշելով, որ դասընթացներն առիթ են համատեղ աղոթելու, նաև խորհրդածելու հովվական կյանքի մասին:

 Այնուհետև, իր օրհնությունը փոխանցելով դասընթացի մասնակիցներին, Վեհափառ Հայրապետը հետաքրքրվեց վերապատրաստության ընթացքով և քահանաների կեցության պայմաններով: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը բերեց Եզնիկ Սրբազանին և Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ծրագրի իրականացման գործում ցուցաբերած հետևողականության համար:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում թեմերից ժամանած հոգևորականներին վանական մթնոլորտում առանձնանալու, աղոթելու և հոգևոր կյանքով ավելի զորանալու, ինչպես նաև քննարկելու Եկեղեցու և հասարակության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ի խնդիր ներդրվող ջանքերը:

 Նորին Սրբությունը հորդորեց եկեղեցականներին լավագույնս օգտվել այս հնարավորությունից և ամբարելով նոր գիտելիքներ, զորանալով միմյանց փորձառությամբ` առավել մեծ նախանխձանդրությամբ ու հոգևոր խանդավառությամբ վերադառնալ իրենց հովվական ծառայության վայրերը:

 Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց քահանաներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին հովվական ծառայությանը և ժողովրդի հոգևոր կյանքի կազմակերպմանը: