16 2 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը hանդիպում ունեցավ Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը hանդիպում ունեցավ Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ

 Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությանն ազգային կյանքում, ինչպես նաև Քույր Եկեղեցիների հետ Հայ Եկեղեցու ջերմ հարաբերություններին և գործակցությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ դեսպանի առաքելությունը Հայաստանում դյուրին կլինի` շնորհիվ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների և դավանած միևնույն արժեհամակարգի:
Հայոց Հովվապետը, իր շնորհավորանքները փոխանցելով դեսպանին, մաղթել է, որ Երկնավորի զորակցությամբ նրա պաշտոնավարման շրջանին հայ-իտալական բարեկամական փոխհարաբերություններն ավելիով զարգանան և արդյունավորվեն:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: