Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի սաներին

 Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության վարժարանի ավարտական լսարանի սաներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Խուան Բալյանի։

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով պատանի հայորդիներին, ուրախությամբ արձանագրեց, որ տարիներ առաջ ձևավորված վարժարանի ավարտական լսարանների Հայաստան և Մայր Աթոռ այցելության ավանդույթը այժմ վերականգնվել է: Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց շրջանավարտներին ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումը, որպեսզի ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեն արգենտինահայ համայնքի առավել աշխուժացմանը և հայրենիքի հզորացմանը:

Հանդիպմանը Հայոց Հովվապետը գուհանակությամբ արձանագրեց, որ արգենտինահայ գաղութն աչքի է ընկում առանձնահատուկ կազմակերպվածությամբ, հայ կյանքի և ազգային արժեքների նախանձախնդիր պահպանմամբ, ինչի ականատեսն ու վկան է եղել Արգենտինա կատարած իր հովվապետական այցելությունների ժամանակ:

 Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց երիտասարդների հարցերին։ Արգենտինահայ պատանիները մասնավորապես հետաքրքրվում էին, թե ինչպե՛ս է Նորին Սրբությունը ընտրել հոգևորականի ուղին և ներկայումս ինչպիսի՛ն է հովվապետական ծառայությունը։

 Վերջում Նորին Սրբությունը ուխտավոր հայորդիներին մաղթեց Աստծո զորկացությունն ու պահպանությունը: