Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

 Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման կապակցությամբ ցավակցագիր է հղել  Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: «Հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջը՝ Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել զոհվածների հոգիները և Սուրբ Հոգու մխիթարություն շնորհել նրանց բարեկամներին», — նշել է Նորին Սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթել է, որ Աստված խաղաղ և անվրդով պահի և պահպանի Ռուսաստանի Դաշնությունը և նրա աստվածասեր ժողովրդին։