Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

 Նոյեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

 «Մեծ ցավով տեղեկացանք Իրանում տեղի ունեցած ավերիչ երկաշարժի մասին, որը պատճառ է դարձել հարյուրավոր մարդկային զոհերի և վիրավորների՝ անօթևան թողնելով հազարավոր ընտանիքների:

 Մեր ժողովուրդը, որ շուրջ երեք տասնամյակ առաջ վերապրել է մեր երկրին պատուհասած այս աղետը, խորապես կիսում է Իրանի բարեկամ ժողովրդի ցավը՝ մաղթելով, որ Ձեր առաջնորդությամբ և Իրանի ողջ ժողովրդի միասնական ջանքերով շուտով հաղթահարվեն աղետի պատճառած վնասները, և երկրում հաստատվի խաղաղ ու անվրդով կյանքը», — նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում:

 Նորին Սրբությունը Երկնավորի մխիթարությունն է հայցել բոլոր սգակիրներին և առողջություն մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին: