ԱՂՈԹՔ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ հաճախ են բուժվել և բուժվում աղոթքներով կամ դիպչելով նաև սուրբ մասունքների։ Այս մասին Օգոստինոս Երանելին ասում է, որ չնայած լինում են սուրբ առարկաներ, որոնց միջոցով մարդիկ բժշկվում են, բայց միշտ չէ այդպիսի բան պատահում, որպեսզի մարդիկ դեպի կրոնն ընթանան ոչ թե այդպիսի հրաշքի, այլ Աստծո համար։ Նաև հոգևորականների աղոթքներով մարդիկ բուժվում են երբեմն նույնիսկ շատ ծանր հիվանդություններից։ Բայց այս մասին պետք է իմանալ, որ, ինչպես նշում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, հիվանդությունները լինում են մի քանի պատճառներով։ Անբարենպաստ եղանակը, օրգանիզմի տարրերի խառնումը հիվանդություն են առաջացնում։ Սակայն հիվանդությունը լինում է նաև Աստծո հատուկ խնամքի և հոգու զորության տկարանալու պատճառով։ Այլ պատճառներով հիվանդությունները կարող են բուժվել նաև դեղերով, բժիշկների օգնությամբ։ Իսկ վերջին երկուսը բուժվում են միմիայն հոգևորականների աղոթքների և անձնական աղոթքների ու դեպի Աստված դառնալու շնորհիվ։

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)