Աղոթելիս մի՛ պահանջեք (բարոյախրատական պատում)

Sxal aghotq - Աղոթելիս մի՛ պահանջեք (բարոյախրատական պատում)

 -Աստվածածի՛ն, Տիրամա՛յր իմ, բժշկի՛ր երեխայիս, պահանջու՛մ եմ:
Նա իմ միակ որդին է, իմ մեկ հատիկը, պահանջում եմ, բժշկի՛ր, փրկի՛ր, պահանջու՛մ եմ Քեզանից, պահանջու՛մ եմ…
Այսպիսի բառերով էր աղոթում մի կին, որ եկել էր Աղաթոնի վանք` Աստվածամոր հրաշագործ պատկերի առջեւ իր 12-ամյա որդու համար աղոթելու: Երեխայի ողջ մարմնով տարածվել էր մահաբեր քաղցկեղը, եւ նա իր կյանքի վերջին ժամերն էր ապրում: Բոլոր նրանք, ովքեր ներկա էին վշտաբեկ մոր աղոթին, հուզվում էին ու արտասվում, եւ միայն վանքի խոստովանահայր ծեր Վիսարիոնն էր դժգոհությամբ գլուխը տարուբերում:

 Հրաշքը կատարվում է. մահվան դուռը հասած երեխան անսպասելիորեն ոտքի է կանգնում, քաղցկեղը մեկընդմիշտ անհետանում է:

 Այս դեպքերից ութ տարի անց Հայր Վիսարիոնի հոգեւոր դուստրերից մեկը, որ ներկա էր մոր աղոթք-պահանջին, վանք է այցելում: Հայր Վիսարիոնը նրան տխուր հարցնում է.

 -Հիշու՞մ ես այն մորը, որ իր երեխայի բժշկությունն էր Աստվածածնից պահանջում:

 -Այո՛, գե՛րոնդա, երբեք չեմ մոռանա այդ տեսարանը:

 Հայր Վիսարիոնը նրան է պարզում մի թերթ` սարսափելի հոդվածով. 20-ամյա մի երիտասարդ սպանել էր իր սիրած աղջկան, նրա հորը եւ…սեփական մորը: Երիտասարդը հենց այն երեխան էր, որ բժշկվել էր մոր պահանջով…

 -Եթե երեխան այն ժամանակ մահանար, — եզրափակում է ծերը, — ապա դրախտ կգնար: Իսկ հիմա…

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #46 (80)
Հունարենից թարգմանեց
Գ. Ղազարյանը: