Սիրահարվելը մի բան է, սիրելը` լրիվ ուրիշ

 Սիրահարվելը մի բան է, սիրելը` լրիվ ուրիշ: Աղջիկներից շատերը դա չեն հասկանում: Սիրահարությունը մի պահ է, կանցնի մի օր և դրան կհաջորդի խոր հիասթափությունը: Սիրահարված մարդը դիմացինի թերությունները չի նկատում: Հետո, երբ տեսնում է թերությունները, հիասթափվում է:

 Իսկ սիրելը լրիվ ուրիշ բան է, երբ գիտես դիմացինի բոլոր թերությունները և թերություններով հանդերձ` սիրում ես:

 Սա է սիրելու և սիրահարվելու տարբերությունները:

 Ուրեմն դրա համար մեր մեծերը, պետք է օգնեն երիտասարդներին, որ նրանք սիրահարությունից անցնեն սիրելու, նոր ամուսնանան:

 Սիրահարության փուլում չի կարելի ամուսնանալ, որովհետև դրանից հետո, երբ տեսնում ես դիմացինի թերությունները, այնպիսի հիասթափություն է առաջանում, որ երկար ժամանակ չես սթափվում:

 Ամուսնալուծությունը սարսափելի բան է:
Եկեղեցին ինչու՞ է պայքարում ամուսնալուծության դեմ: Եկեղեցական քմահաճույք չէ սա:

 Այր ու կին՝ մեկի համար են ստեղծվել: Ադամի կողից վերցրեց, մի կին ստեղծեց Տերը, տասնհինգ կին չստեղծեց: Ուրեմն յուրաքանչյուր տղամարդ, ունի մեկ կող` իրենից վերցված և այդ կողը պիտի դրվի տեղը, ուրիշ կող վերցնեն դնեն, ասեն` այս չեղավ, մյուսը դնեմ, անհնար է:

Այնպես, որ այսպիսի հարցադրումը լուրջ վերաբերմունք է պահանջում:

 Ի՞նչ է նշանակում ընտանեկան ամրություն: Դա ամեն ինչի ամրությունն է: Հիմա կասեք ազգ, կասեք հայրենիք, պետություն, ինչ ուզում եք ասեք:

 Եթե ընտանիքը ամուր է, ամեն ինչը ամուր է: Ընտանիքը եթե թույլ է, ոչ մի բան ուժեղ չէ:

 Մենք ինչու՞ ենք ուզում Սուրբ Սարգսի տոնը ամրանա, կայունանա, որովհետև սուրբ Սարգիսը գիտի, թե ամեն մի երիտասարդի ով է սազական: Նա ավելի լավ գիտի, թե ով ում հետ կարող է ապրել և երջանիկ լինել, ստեղծել ամուր ընտանիք, ունենալ լավ զավակներ: Դրա համար Սուրբ Սարգիսը երիտասարդության տոնն է: Դրա համար, շաբաթ օրը, երիտասարդներին մենք հրավիրում ենք գալ եկեղեցի և օրհնություն ստանալ, օրհնությամբ ապրել և եկեղեցու օրհնության ներքո իրենց կողակցին գտնել, ոչ թե իրենց քմահաճույքով, այլ Աստծո կամքով ընտանիք կազմել:

 Ու՞մ հետ կյանքը կապել. դա շատ լուրջ հարց է:
Բայց եթե Աստծո հետ ես, ուրեմն շատ կհեշտանա այդ գործը, և ճիշտ ընտրություն կկատարես:

 Շնորհավորում ենք, մեր բոլոր երիտասարդներին:

 Մեր աղոթքն ենք վեր բարձրացնում:

 Մեր օրհնությանը, ուզում ենք ավելացնել Սուրբ Սարգսի բարեխոսությունը և Աստծո բազմաբյուր օրհնությունները: Որպեսզի Ձեր վրա իջնեն այն բոլոր շնորհները, որոնք կարող են պտղաբերել ապագայում:

 Սիրելի երիտասարդներ, հավատարմության վրա հիմնված, ամուր և անսասան ընտանիքներ ստեղծեցե՛ք:

Շիրակի Թեմի Առաջնորդ
Միքայել Եպիսկոպոս ԱջապահյանՍիչել,ի հորդորը
երիտասարդներին՝

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ