Ֆիզիկական գոյության համար նյութական հացի չափ անհրաժեշտ է նաև հոգևոր հացը

Voch miayn haciv 880x660 - Ֆիզիկական գոյության համար նյութական հացի չափ անհրաժեշտ է նաև հոգևոր հացը

«Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, քաղց չի զգա, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի»
(Հովհ. 6:35)
Մարդկային մտածողությունը հաճախ սահմանափակվում է միայն աշխարհիկ բաներով։ Հովհան Ոսկեբերան Հայրապետն ասում է․ «Մարդը կառչել է երկրային կյանքի նյութերին»։
Բնական է, որ առանց հացի չենք կարող ապրել։ Հացի խնդիրը արտաքնապես կարևոր է, սակայն այնտեղ, որտեղ չկա մի կտոր հաց, և աղքատության երեսից մարդիկ կեղտոտ, խոնավ ու մութ սենյակներում են ապրում, անմտություն պիտի լիներ այնտեղ բարձր քաղաքակրթության, արվեստի և գիտության զարգացման մասին խոսել․․․
«Օրինակի համար հավաքեցեք մարդկանց ցուրտ, օդից զուրկ նկուղներում և նվագեցեք Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան կամ ցուց տվեք նրանց դասական հանճարեղ նկարիչների ու բանաստեղծների մեծագույն գործերը, գոհ պիտի լինեք, եթե նրանք ձեզ դուրս չնետեն այնտեղից։ Եթե մեկը մի կտոր հաց չունի, քաղցած է, հագուստ չունի և մրսում է, այնտեղ ինչպե՞ս կարող ես բարձր ստեղծագործությունների, քաղաքակրթության և հոգևոր կյանքի մասին խոսել» (Գարեգին Կաթողիկոս Հովեփյանց)։
Սակայն սա կյանքի մի երեսն է, քանի որ պարզ է, որ մեր ֆիզիկական գոյության համար նյութական հացի չափ անհրաժեշտ է նաև հոգևոր հացը։ Հիսուս հիշեցնում է մեզ, որ չպետք է աշխատենք միայն նյութական սննդի համար, այլ այն հոգևոր սնունդի, որը մնում է հավիտենական կյանքում։
Հիսուս սովորական հոգևոր մի առաջորդ, մարգարե կամ վարդապետ չէր։ Նա Երկնավոր Հացն էր, որ ծնվեց Բեթղեհեմում։
Որքան գեղեցկորեն է այս ճշմարտությունը ամփոփել բազում դարեր առաջ Ընդհանուր Եկեղեցու հայրերից Սուրբ Հովհան Ոսկեբերանը․ «Տեր Աստված մեր․․․ Քո երկնավոր Հացը, մեր Տեր Հիսուս Քրիստոսին ուղարկեցիր իբրև Փրկիչ, Կյանք և Բարիք բերող ուտելիք ամբողջ աշխարհի համար՝ սրբելու և օրհնելու մեզ․․․» (Պատարագամատույց
20-րդ դարի մեր շնորհալի Հայրապետներից Գարեգին Հովսեփյանցը հրաշալի կերպով է բնութագրում հացի խնդիրը․
«Բայց ճշմարիտ է նաև, որ մարդկության երջանկությունը միայն հացից, հարստությունից կախված չէ։ Քի՞չ են հարուստ և դժբախտ մարդիկ։ Կան և հարստության թշվառ զոհեր։․․․ Հացի խնդիրը սուրբ է աղոթքի մաս կազմող մաքրությամբ, բայց ոչ ուրիշների արյան գնով։ Ինչ որ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, արեք և դուք նրանց․․․ Ապրիր, թող ուրիշներն էլ ապրեն։ Չե՞ս կամենում, որ սոված մնաս, դու, կինդ, զավակներդ․մի ստեղծիր ուրիշի համար այդպիսի վիճակ։ Չե՞ս կամենում կեղտի մեջ կորչել աղքատության երեսից, ցնցոտիներով տեսնել կնոջդ, երեխաներիդ, մի աշխատիր այդպիսի դրություն ստեղծել ուրիշների համար։ Ո:հ, ինչ կորստաբեր է լինում երբեմն հաց ձեռք բերելու սխալ ճանապարհը, հազարավոր կյանքերի կորուստ, նյութական, մշակութային, բարձր ստեղծագործությունների ոչնչացում, ինչպես հացի անունով կեղեքումներն են կամ պատերազմները․․․» (Գարեգին Հովսեփյանց, Դեպի լույս և կյանք, 1994):
Կյանքում երկու տեսակ քաղց կա․ ֆիզիկական և հոգեկան: Նյութական ուտելիքը կշտացնում է մեր ֆիզիկական քաղցը, բայց չի գոհացնում մեր հոգեկան ապրումները:
Հույն պատմիչներից Պլինոսը շատ ճիշտ կերպով է վերլուծում մարդկանց այս հոգեվիճակը։ Նա վկայում է, թե Հռոմեական կայսրությունը, Ք. Հ. 60-ական թվականներին ապրում էր իր փառավորագույն շրջանը: Հռոմեացիները, ծանրացած ոսկով, հեշտորեն գոհացնում էին իրենց ֆիզիկական կարիքները, սակայն այդ ճոխության ու շռայլության մեջ կյանքի հանդեպ դժգոհությունը ուրվականի պես հետապնդում էր նրանց: Այդ նրանց ունեցած հոգեկան դատարկությունն էր, որը նրանք ի զուր փորձում էին լցնել աշխարհիկ վայելքներով:
Երբ մի հայացք նետենք մեր ապրած դարաշրջանի վրա, պիտի տեսնենք, որ դժբախտաբար ամենուր գտնվում են նույն այն հոգեվիճակում, ինչպիսին էր ժողովուրդը Հռոմեական կայսրության ժամանակ։
Քսանմեկերորդ դարը գերազանցել է բոլոր նախորդ դարերի ճոխությունն ու փարթամությունը: Մարդիկ դրամով լցրած իրենց գրպաններով վազում են երկրային վայելքների ու հաճույքների ետևից: Նրանք դրամը համարում են իրենց կյանքի գլխավոր նպատակն ու դժբախտաբար դառնում իրենց վաստակած նյութի գերին:
Մեր Տերը Վերջին Ընթրիքի ժամանակ հաստատեց Հաղորդության Սուրբ Խորհուրդը, վերցրեց հացը, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին՝ ասելով․ «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված․ այս արեք իմ հիշատակի համարե․ բաժակով գինին էլ օրհնեց և ասաց․ ,«Այս բաժակը նոր Ուխտ է իմ արյունով՝ ձեզ համար թափված» (Ղուկաս 22:19-20):
«Չենք ապրում ուտելու համար, այլ ուտում ենք ապրելու համար»։ Երբ Հիսուս քառասուն օրեր անապատում ապաշխարությամբ անցկացրեց և չկերավ ու չխմեց, սատանան Նրան ուզեց փորձել․ «Եթե Աստծու որդի ես, այդ քարին ասա, որ հաց լինի»։ Հիսուս նրան պատասխանեց․ «Գրված է՝ «Միայն հացով չէ որ կապրի մարդ, այլ Աստծու ամեն խոսքով» (Ղուկաս 4:3-4):
Հիսուս մեզ հորդորում է, որ լսենք Իր ձայնը․ «Գնացեք աշխատեցեք ոչ թե կորստական ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար և որը մարդու որդին կտա ձեզ․․․» (Հովհ․ 6:27):
Եկեք լսենք մեր Տիրոջ ձայնը և մոտենանք Իր կենդանի հացին ու ճաշակենք նրա-նից, որպեսզի հավիտենական կյանք ունենանք։ Ամեն:

ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Ճշմարտախոս քրիստոնյան» ԳՐՔԻՑ: