Քրիստոսի Եկեղեցին եւ աղանդավոր- բողոքականները

Մտե՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, եւ բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, եւ սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն: Մատթ. 7;13-14
Այսօրվա ինքնակոչ «քրիստոնեական եկեղեցիները» արմատներով հասնում են ոչ թե մինչեւ առաքյալներ կամ մեր թվարկության առաջին դար, մինչեւ Քրիստոս, այլ ընդամենը` մինչեւ 16-րդ դար, մինչեւ Մարտին Լյութեր (1483-1546 թթ.), մարդ, որը հավակնեց «բարեփոխել» Քրիստոսի Սուրբ Արյամբ հիմնած Եկեղեցին:

Իրականում նա ոչ թե բարեփոխեց, քանզի անհնար է բարեփոխել կատարյալ բարին, այլ այլափոխեց` արդյունքում հիմնելով անընդհատ ճյուղավորվող մի կազմակերպություն:

Մերժելով սրբերի բարեխոսությունն ու մասունքների պաշտամունքը, եկեղեցական նվիրապետությունը եւ սուրբ ավանդությունը` նա մերժեց փրկությունը եւ հենց Փրկչին: Նա հայտարարեց, թե ընդունում է միայն Սուրբ Գիրքը, սակայն իրականում ստեղծեց իր սուրբ գիրքը եւ իր ավանդությունը …: քանի որ Եկեղեցին իմունիտետ ուներ աղանդների դեմ, դա արդեն անօգուտ մեթոդ էր, պետք էր նոր մեթոդ մոգոնել, եւ մոգոնողը մոգոնեց… նոր «եկեղեցի»` առանց Քրիստոսի: «Ճշմարիտ եկեղեցին մշտապես բարեփոխվող եկեղեցին է»,- ասում էր Լյութերը, ես միանգամայն համաձայն եմ, քանզի Տերը ինքը ասում էր.« Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է: Ամեն ճյուղ, որ իմ վրա է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն, եւ այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել եւս պտղաբեր լինի»: Բարեփոխումը հենց այդ էտումն է, բայց էտում են ավելորդ ճյուղերը, ոչ թե բունը կամ արմատը, ինչը եւ արեց Լյութերը: Իսկ այդ մասին Տերը ասում է. «Մնացեք իմ մեջ, եւ ես ձեր մեջ. ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նույնպես եւ դուք, եթե իմ վրա հաստատված չլինեք: Ես եմ որթատունկը, իսկ դուք` ճյուղերը: Ով բնակվում է իմ մեջ, եւ ես` նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չեք կարող»: Այն ինչ արեց Լյութերը Գերմանիայում, իր ժամանակին արեցին մեր մեծագույն սրբերը` Գրիգոր Լուսավորիչը` հիմնելով առաքելական, բայց անկախ ու ազգային նկարագիր ունեցող եկեղեցի, Մեսրոպ Մաշտոցը` Աստծո զորակցությամբ եւ Սահակ Մեծի ու Վռամշապուհ արքայի օժանդակությամբ ստեղծելով հայոց այբուբենը եւ սկիզբ դնելով հայ ինքնուրույն գրականությանը, երբ առաջնահերթ թարգմանեց հենց Սուրբ Գիրքը եւ առաջին նորաբաց դպրոցներում սկսեց կրթել հայ մանուկներին: Հայ մարդը կարծես թե կարիքը չպիտի ունենար բողոքական «ազատական» գաղափարների, քանի որ միայն հայերեն հնչող Աստվածաշունչը դարեր ի վեր խոսել է հայ մարդու սրտի հետ, հաշվի նստել թե՛ մեծի, թե՛՛ փոքրի, թե՛ հարուստի, թե՛ աղքատի հոգեմտավոր կարողությունների հետ: Եւ հասարակ հայ մարդը չի զգացել անգամ հայ հանճարեղ աստվածաբանական մտքի կարիքը, որովհետեւ Աստվածաշունչը, շատ խորը լինելով հանդերձ, նաեւ չափազանց պարզ է ամեն մեկի համար: Հասկանալի է, որ Կաթոլիկ եկեղեցու եկեղեցապետական կարգավիճակը(թեեւ մեր եկեղեցին 6 դար շարունակ նույն կարգավիճակում է եղել) կարող էր բավարար պատճառ հանդիսանալ նման ծայրահեղ քայլերի համար` մերժել եկեղեցու նվիրապետությունը, խորհուրդներն` որպես այդպիսին, սրբերի` հաղթանակած Եկեղեցու բարեխոսությունը, բայց այդ ամենի մերժումը ուղղակիորեն Եկեղեցու մերժումն է, իսկ Եկեղեցին մեր միակ փրկության տապանն է: Չեմ խոսում այն մասին, որ նրանք վիճարկում են Աստվածամոր մշտակույս սրբությունը: «Եւ Հիսուս շրջում էր քաղաքներով ու գյուղերով եւ ուսուցանում էր: Երբ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ, մեկը նրան ասաց. -Տե՛ր, սակավաթի՞վ են նրանք, որ փրկվելու են: Եւ նա նրանց ասաց. -Ջանացե՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա: Այն բանից հետո, երբ տանտերը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսեք դուռը բախել եւ ասել. -Տե՛ր, տե՛ր, բա՛ց մեզ համար, իսկ նա պատասխանելով կասի ձեզ. -Չգիտեմ, թե որտեղից եք: Այն ժամանակ կսկսեք ասել. -Մենք քո առաջ կերանք եւ խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր: Եւ տանտերը կասի. -Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թե որտեղից եք. հեռացե՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրավ մշակներդ: Այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին եւ բոլոր մարգարեներին Աստծո արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս հանված» Ղուկ.13;22-30: Ղուկասի ավետարանի այս հատվածը շատ հստակ ասում է. փրկությունը սակավաթիվ նախանձախնդիրների, խիզախների, հավատարիմների մենաշնորհն է, մենաշնորհը նրանց, ովքեր իրենց վատ չեն զգա` Արքայության մեջ փառքով պսակված տեսնելով Աստծո Մորը եւ բոլոր սրբերին: Իսկ Սողոմոնի առակների այս հատվածը պարզաբանում է ոմանց համար Եկեղեցու սյուների` խորհուրդների կարեւորությունը.«Իմաստությունը շինեց իր տունը եւ կանգնեցրեց յոթը սյուներ, մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաեւ իր սեղանը: Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրավիրեն իր հացկերույթին, եւ ասաց.-Ով անզգամ է, թող գա ինձ մոտ: Իսկ պակասամիտներին ասաց. -Եկեք կերե՛ք իմ հացից եւ խմեցե՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար: Թողե՛ք հիմարությունը, եւ դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտռեցեք,եւ դուք կփրկվեք, իմացությա՛մբ ուղղեցեք ձեր խոհեմությունը եւ ճի՛շտ իմաստով հասկացեք խրատը, Առակ. 9; 1-6»:

Հիսուսի հավատավոր ու շնորհաշատ «եղբայրներին էլ» ազդարարում է առաքյալը.«Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է: Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. -Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրավոր գործեր արեցինք: Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. -Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրինություն եք գործում, Մատթ.7;21-23»: Դեռեւս քրիստոնեության արշալույսին Տեառնեղբայր Հակոբոս առաքյալը ասում էր. «Ցույց տվեք ինձ ձեր հավատը առանց գործերի, եւ ես ցույց կտամ իմ հավատը` գործերով» Հակ. 2;18: Առանց գործերի հավատը մի տեսակ անտեսանելի, անհասկանալի եւ անիմաստ հավատ է, քանզի «դեւերն էլ են հավատում եւ դողում» Հակ.2;19: Որեւէ հակասություն չկա Պողոս առաքյալի խոսքերի հետ: Նրանք ոչ թե խնդրին տարբեր կերպ են մոտենում, այլ իրականում տարբեր խնդիրների մասին են խոսում, թեեւ խոսում են նույն Աբրահամի հավատի մասին: Մեկնաբանենք. մենք գործերով չենք արդարանում, այլ արդարացնում ենք մեզ արդարացնող հավատը, որը եւս Աստծուց տրված շնորհ է, քանզի մեր մեջ որեւէ բարի բան չկա, այլ ամեն բարիք ստանում ենք Կատարյալ Բարուց: Մենք գործերով չենք արդարանում, քանզի շատ գործ էլ չունենք անելու, որովհետեւ Տերը մի՛ գործ պատվիրեց անել. Սիրեցե՛ք միմյանց,Հովհ.15: Մեր գործը սիրելն է` Աստծուն նմանվելը, մեր մեջ Նրա պատկերի վերականգնումը: Մենք սիրելով չենք արդարանում, արդարանալ պետք է մինչեւ սիրելը, քանզի անարդարը, եթե անգամ կարող է սիրել, ապա ճիշտ սիրել հաստատ չի կարող, որովհետեւ մեղքը հենց սխալ նպատակակետի ուղղված սերն է: Արդարանում ենք մինչեւ սիրելը` Արդարի հանդեպ հավատով, որի` Աստծո կողմից մեզ տվչությունը` որպես շնորհ, արդարացնում ենք գործելով` սիրելով միմյանց: Այնպես որ. երբ բողոքավոր բողոքականները այդպես պարծենում են իրենց «հավատով», որով «արդարանում են», մի պահ թող խորհեն այն մասին, թե արդյո՞ք ունեն իսկապես Աստծուց շնորհված փրկարար հավատ: Բողոքականները մերժում են Եկեղեցին, որը իբր դավանում են. անհեթեթ բան է ստացվում:

Լիլիթ Հովհաննիսյան