Քրիստոնեությունը և պետությունը Տրայանոս կայսրի ժամանակից սկսած

Ներոնի և Դոմիտիանոսի կարգադրութիւններն անորոշ են թէ սկզբունքի և թէ իրենց տարածման տեսակէտից: Տրայանոս կայսրի ժամանակից սկսած միայն քրիստոնէութեան և պետութեան յարաբերութեան մէջ որոշ սկզբունքներ են մտնում, որոնք չնայելով առանձին կայսրների տարբեր քաղաքականութեան, միշտ հանդէս են գալիս: Նախ՝ քրիստոնէական հալածանքների իսկական դրդիչը ժողովրդական տրամադրութիւնն է. Բ. մի իսկական ինքուիզիտորական հալածանք երկար ժամանակ դեռ գոյութիւն չունէր. Գ. քրիստոնեաներին հալածելու իրաւունքը համարւում է ինքն ըստ ինքեան հասկանալի: Այս բանը կարող է զարմանալի երալ երկու պատճառով. նախ՝ հռովմէական պետութիւնը իբրև տիեզերական պետութիւն պէտք է կարեոր համարէր իրեն համար մի տիեզերական կրօն, ինչպիսին քրիստոնէութիւնն էր. Բ. Հռովմը կրօնական խնդիրներում միշտ հանդուրժող է եղել: Ի՞նչ է պատճառը, որ քրիստոնէութեան նկատմամբ դրութիւնը միանգամից փոխւում է:
Այստեղ պիտի ի նկատի ունենալ կայսրների պաշտամունքը և քրիստոնէութեան բռնած դիրքը դէպի այն: Հռովմէական պետութեան բոլոր ազգերը կարող էին իբրև բազմաստուածեաններ կայսեր պաշտամունքը կատարել-բացի հրէաներից, որոնք առանձնաշնորհուած էին ազատ մնալու դորանից, և այդ պատճառով էլ զրկուած էին պատերազմական ծառայութիւնից և քարոզչութեան իրաւունքից: Բնական է, որ դրութիւնը պիտի փոխուէր քրիստոնէութեան հանդէս գալով, որն իբրև միաստուածութեան կրօն միևնոյն ժամանակ բացարձակ հեղինակութիւն էր պահանջում: Այն րոպէից, երբ հռովմէական իշխանութինը նկատեց, որ քրիստոնէութիւնը տարբեր է հրէութիւնից, քրիստոնէութիւնն այլևս հանդուրժելի կրօն լինել չէր կարող: Քրիստոնէութիւնն ուզում էր բացարձակ և տիեզերական լինել, այնպէս ինչպէս պետութիւնն ինքը–նա մերժում էր պետական բոլոր աստուածները, և որ գլխաւորն է՝ չէր կարող կայսեր պաշտամունքին մասնակցել. ուրեմն միայն քրիստոնեայ անունը արդէն պատժի արժանի պետք էր համարել, և բաւական էր միայն խոստովանել այդ անհանդուրժելի կրօնին պատկանելը: Կայսերն անպատուելու և սրբապղծութեան համար օրէնքը պատիժ էր սահմանել գլխատումն պատուաւոր մարդկանց համար, այրումն կամ մահ անասնամարտի մէջ ստորին դասակարգի համար: Այդ յանցանքները ազատին ու ստրուկին հաւասարեցնում են, ուստի թոյլատրելի են նաև տանջանքներ, հրոյ պատիժներ և խաչել: Վկայութիւնը դառնում է «Արեամբ վկայութիւն». վկայի (martuz) կրկնակի նշանակութիւնն սկսում է կազմակերպուել:
Դատաստանի իրաւունքը Պրովինցիայի կուսակալի, Հռովմում քաղաքապետի ձեռքն էր. պատժի տեսակն որոշելը թողնուած էր դատաւորի կամքին. այդ պատճառով էլ որոշ կամայականութիւն իշխում էր դատաստանների ժամանակ: Այդպիսի կամայականութեան դէմ էր գլխաւորապէս քրիստոնեաների բողոքը, որովհետև դրանով բոլորովին կատարեալ էր դառնում նրանց իրաւազուրկ լինելը և նրանք դառնում էին ժողովրդի տրամադրութիւնից կախումն ունեցող էակներ: Սակայն այս դրութիւնը թերևս օգտակար էր քրիստոնեաների համար, որովհետև հռովմէական պետութիւնը մեծ չափով կրօնական հալածանք սկսելու ընդունակ չէր:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ