Քրիստոնեությունը Հռոմում. առաքելական շրջան

 Պետութեան մայրաքաղաքում ամենահին ժամանակներից ի վեր քրիստոնէական համայնք կար. դրա ամենափառաւոր ապացոյցը Պօղոս առաքեալի Հռովմայեցւոց թուղթն է: Ի՛նչպէս է քրիստոնէութիւնը Հռովմ հասել և ո՛ւմ միջոցով, շատ դժուար է որոշ կերպով ասելը, յամենայն դէպս այսքանը պարզ է, որ ո՜չ Պետրոս առաքեալի միջոցով է եղել այն, ինչպէս կաթոլիկ եկեղեցին է աւանդաբար ընդունում, և ո՜չ էլ մի այլ նշանաւոր առաքեալի. ամենահաւանականն է կարծել, որ քրիստոնէութիւնը Հռովմ է անցել պրոզելիտ հրէաների կամ հրէայ-քրիստոնեաների միջոցով, որոնք վաճառականութեամբ էին պարապում: Թէև Հռովմում էլ սկզբում անշուշտ հրէայ քրիստոնեաներն են մեծամասնութիւն կազմել, սակայն այդ երկար չէ տևում. նոր կրօնը շարժում է նաև հեթանոսների հետաքրքրութիւնը և շուտով նոքա նաև Հռովմի համայնքի մէջ մեծամասնութիւն են կազմում: Այսպիսով Հռովմում յառաջ է գալիս մի հրէական օրէնքներից ազատ քրիստոնէութիւն, առանց Պօղոս առաքեալի քարոզութեան: Բնական է որ մի ներքին կռիւ լինէր Հռովմի հրէայ և հեթանոս համայնքների մէջ և շատ հաւանական է կարծել, թէ Կլաւդիոս կայսեր (41-54) կարգադրութիւնը, որով հրէաներն արտաքսւում էիմ Հռովմից, այդ ներքին կռիւների ու երկպառակութիւնների հետևանքն էր: Սուետոնիոսը պատմում է, թէ նոքա Քրեստոսի պատճառով արած աղմուկների շնորհիւ արտաքսուեցան Հռովմից (Հմմտ. Գործք. Առ. ԺԸ. 2): Կլաւդիոսը թէև առաջ հրէաների հետ խիստ վարուել չէր կամենում իւր նախորդ Կալիգուլայի նման, բայց նոցա ամէն ազատութիւն տալ էլ չէր ցանկանում, մանաւանդ Հռովմի մէջ, ուր նա մինչև անգամ հրէից գումարումներն արգելեց: Հաւանական է, որ թշնամութիւն լինէր միևնոյն արմատից բղխող երկու տարբեր համայնքների, հրէաների և քրիստոնեաների մէջ և բնական, որ այստեղ ևս քրիստոնեաները դէպի կատարեալ անկախութիւն ձգտէին: Այլ տեղերի քրիստոնեաները ի հարկէ տեղեկութիւն ունէին մայրաքաղաքի համայնքի մասին (Հռովմ. Ա. 8) և Պօղոս առաքեալը մանաւանդ շատ ցանկանում էր սերտ կապակցութիւն հաստատել այս համայնքի հետ. այդ պատճառով էլ գրում է նա իւր Հռովմայեցւոց թուղթը, նրանց իւր վարդապետութիւնը աստուածային ազատ շնորհի մասին բացատրելու համար: Երբ սակայն Պօղոս առաքեալն իբրև կալանաւոր Հռովմ եկաւ, նա չբաւականացաւ միայն համայնքի հետ ծանօթանալով, այլ այնտեղ էլ մի եռանդուն գործունէութիւն սկսեց (Գործք. Առ. ԻԸ. 31., Փիլեմոն 1): Պօղոսի դատավարութիւնը նրա երկամեայ կալանաւորութեան ժամանակ (Գործք. ԻԸ. 30) և հեթանոս իշխանութեան հետ ունեցած հարցուփորձը անշուշտ հեթանոսների ուշադրութիւնը պիտի հրաւիրէին քրիստոնէութեան վրայ: Այս նոյն ժամանակ պիտի տեղի ունեցած լինի նաև Պետրոսի գալուստը Հռովմ, ուր Առաքելոց գլուխն ևս գործել է կամեցել: Սակայն ինչքան էլ որ այս բոլոր հանգամանքները օգտակար էին հեթանոսների ուշադրութիւնը քրիստոնէութեան վրայ դարձնելու տեսակէտից, նոյնչափ մեծ էին նաև վտանգները մանուկ համայնքի համար, և այդ ամենալաւ ու պարզ կերպով երևում է առաջին անգամ Ներոնի հալածանքների ժամանակ:
64 թուականի Յուլիսի 18-ին մի իննօրեայ սոսկալի հրդեհ ոչնչացրեց Հռովմի 14 քաղաքամասերից 3-ը բոլորովին, իսկ 7-ը մեծ մասամբ: Մարդիկ ու կենդանիներ զոհ գնացին կրակին. չարագործները օգուտ քաղելով հանգամանքից ժողովրդի սարսափն աւելի ևս աւելացրին: Հրդեհի ժամանակ Ներոնը Հռովմում չէր և միայն այն ժամանակ եկաւ, երբ կրակը նաև իւր սիրուն պալատը մոխիր դարձրեց: Ժողովուրդը սկսեց կասկածել թէ Ներոնն ինքն է հրդեհ ձգել հրամայողը. և ո՜չ Ներոնի ձեռք առած եռանդուն միջոցները ծանր կարօտութիւնը թեթևացնելու, ո՜չ էլ հրդեհից յետոյ արած կրօնական թափորները բարկացած աստուածներին մեղմացնելու համար, կարող եղան այնուհետև կասկածը Ներոնի վրայից հեռացնել: Այդ կասկածը մի ծանրակշիռ հիմունք ունէր այն հանգամանքի մէջ, որ 6-րդ օրը, երբ կրակը արդէն բոլորովին հանգած էր համարեա, Ներոնի մինիստր Տիգելինոսի տան մէջ հրդեհը նորից մեծ ուժով բռնկեց (Տակիտոս, Տարեգր. ԺԵ. 40): Ներոնը փորձեց այժմ կասկածը իւր վրայից վերցնելու համար քրիստոնեաներին մեղադրել իբրև հրդեհաձիգների, մանաւանդ որ ժողովուրդը նոր կրօնի ներկայացուցիչներին ամեն տեսակ չարագործութեան ընդունակ էր համարում: Ըստ Տակիտոսի նախ մի քանիսին բռնեցին, որոնք խոստովանեցին իրենց քրիստոնեայ լինելը, ապա նրանց ցուցմամբ նաև շատ ուրիշներին: Քննութիւնը ապացուցեց սակայն, որ նոքա մարդկային ցեղն ընդհանրապէս ատում են, բայց ոչ թէ Հռովմի հրդեհաձիգներն են: Այնուամենայնիւ Հռովմում սկսուեցին հալածանքները քրիստոնէութեան դէմ սոսկալի կատաղութեամբ. և այն հանգամանքը, որ քրիստոնեաները ժողովրդականութիւն չէին վայելում, ընդհակառակն ատուած էին ժողովրդի կողմից իբրև ամեն գաղտնի չարագործութիւնների ընդունակ մարդիկ, հալածանքը աւելի ծանր էր դարձնում: Իբրև թէ հրդեհաձգութեան մէջ մեղաւոր ճանաչուած քրիստոնեաներին պատժում էին ամենածանր կերպով. նոցա գործ էին ածում անասնամարտերի մէջ, կարում էին մորթիների մէջ և շների առաջը ձգում, խաչում և այլն:
Կալիգուլայի պարտէզներում կառք էր քշում Ներոնը և անմեղ քրիստոնեաները կոկորդներից փայտերի վրայ ամրացրած և այրուող նիւթերով ծեփուած` ծառայում էին իբրև լուսավառութիւն: Այս բոլորը տեղի ունէր Հռովմում, բայց անկարելի չէ նաև, որ այսպիսի վարմունք քրիստոնեաների դէմ նաև այլ տեղերում կատարուած լինին մայրաքաղաքի օրինակի համաձայն: Այն կարծիքը` թէ հրէաներն են եղել քրիստոնեաներին մատնողը թէև անկարելի մի ենթադրութիւն չէ, բայց ոչ մի հաստատուն փաստով ապացուցանել չի կարելի:
Ամենայն հաւանականութեամբ Պօղոս առաքեալն ևս զոհ գնաց այս հալածանքին, թէև ի հարկէ նա իբրև հռովմէական պետութեան քաղաքացի միայն սրով սպանուել կարող էր, և ոչ թէ այնպիսի խայտառակ մահուան դատապարտուել, ինչպէս միւս քրիստոնեաները: Թերևս նաև Պետրոս առաքեալն այստեղ և այս ժամանակ ընդունեց մարտիրոսութեան պսակը, ըստ աւանդութեան գլխիվայր խաչուելով:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ