ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ-ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ՀՐԵՈՒԹՅՈՒՆ

 Հրէութիւնը 70 թուի ողբերգութեամբ չվերջացաւ: Հրէական ժողովուրդը դեռ ևս ոչնչացած չէր: Թէև պատերազմից յետոյ հռովմէական իշխանութիւնը որքան հնարաւոր էր մեղմ էր վարւում մնացածների հետ, բայց ճնշուածների ներքին դառն ատելութիւնը դէպի հռովմայեցիները չէին կարող վերջանալ և միշտ նոր ի նորոյ դէպի ապստամբութիւն էին մղում անզօր հրէաներին: Այդ ապստամբութիւնների վերջնական հետևանքն այն եղաւ, որ 135 թուին վերջնական կերպով ճնշեցին Հռովմայեցիք Բար-Կոխբայի (=Աստղերի որդի) ապստամբութիւնը, որ իրեն հրէական մեսիա էր հրատարակել:
Հռովմայեցւոց կորուստները մեծ էին, բայց Հրէաստանն էլ բոլորովին անապատ էր դարձել: Երուսաղէմը, Հրէից Սուրբ քաղաքը, դառնում է մի հեթանոսական քաղաք, հեթանոսական կարգերով և հեթանոսական տաճարներով: Հրէաներին արգելւում է մինչև անգամ Երուսաղէմ մտնել և քաղաքի անունը փոխւում է Էլիա Կապիտոլինա. իսկ հրէական կրօնը հրատարակւում է արգելուած (թլփատութիւն, շաբաթ սուրբ պահել և օրէնք կատարել): Միայն Անտոնինոս Պիոս կայսրը, մի ապստամբութեան փորձից յետոյ, վճռում է թոյլ տալ թլփատութիւնը: Իսկ Երուսաղէմ մտնելու արգելքը վերանում է միայն Կոստանդին Մեծից յետոյ:
Երուսաղէմի վերջնական կործանումից յետոյ հրէաները քանի գնացին, այնքան աւելի հեռացան քրիստոնէութիւնից, և մինչև անգամ հելլենական կրթութիւն ունեցող հրէաներից. այնպէս որ հրէութիւնը դարձեալ զուտ ազգային բնաւորութիւն ստացաւ: Հրէական կրօնը տառապաշտութիւն դարձաւ և Մովսիսի օրէնքները վերջացան Թալմուդով (բացատրութիւն մովսիսական օրէնքի):
Այնուհետև հեթանոսութիւնն ու քրիստոնէութիւնը հրէաների համար միայն նզովքի առարկաներ էին: Այն հանգամանքը, որ հրէական ծագում ունեցող քրիստոնեաները իրենց հեռու էին պահել Բարկոխբայի ապստամբութիւնից, առիթ դարձաւ ատելութեան սաստկանալուն, և հրէաներն սկսեցին հալածել քրիստոնեաներին: Քրիստոնեաները ուրացողներ են հրէաների աչքում, և նոցա դէմ մի առանձին նզովք է գրւում «Օրհնութիւն հերետիկոսաց» վերնագրով, որը շաբաթ օրերը երեք անգամ հանդիսաւոր կերպով արտասանուում է այնուհետև Սինագոգներում: Աւելի լաւ է հրէան հեթանոսական տաճար դիմի վտանգի ժամանակ, քան թէ դէպի ուրացողի տուն. որովհետև կռապաշտները ուրանում են Աստծուն, առանց նրան ճանաչելու, իսկ ուրացողները մերժում են իրենց ճանաչած ճշմարտութիւնները: Նոցա գրուածքները պէտք է այրել, չնայելով որ Աստծու անունը կայ այնտեղ: Այս ժամանակներից է, որ հրէաներն սկսում են Քրիստոսի և քրիստոնեաների դէմ ամեն տեսակ զրպարտութիւններ տարածել. իսկ երբ կարիք էր լինում քրիստոնեայ խոստովանողների համար խարոյկ պատրաստել, հրէաներն առաջինն են, որ խարոյկի համար փայտ են կրում (Եւսեբիոս Եկ. պատմ. IV. 15):
Հրէայ քրիստոնեաները նախքան Երուսաղէմի կործանումը 70 թուին գաղթել էին Պելլա, Յորդանանի արևելեան ափը: Յորդանանու արևելեան կողմը մնաց պատերազմից յետոյ էլ քրիստոնեաների համար ժողովատեղի (Եւս. Եկ. պատմ. I. 7.): Այս հրէայ քրիստոնէական համայնքի մէջ Յիսուսի ազգականները Յակոբոս Տեառն եղբօր մահից յետոյ էլ առաջնորդող դեր են կատարում: Այսպէս օրինակ Կղէոպայի որդի Սիմէօնը, որը Տրայանոս կայսեր ժամանակ աւանդաբար մարտիրոսական պսակն էր ընդունել (Եւս. III. 32): Սորան ըստ աւանդութեան առաքեալներն են ձեռնադրել Երուսաղէմի համայնքի եպիսկոպոս, Երուսաղէմի կործանումից յետոյ (Եւսեբ. III. 11.): Յիսուսի եղբայր Յուդայի երկու թոռներն էլ ըստ Հեգեզիպպոսի (Եւսեբ. III. 20) եղել են եկեղեցու առաջնորդ: Իբրև Դաւթի ցեղից, սոքա Դոմիտիանոս կայսեր ժամանակ Հռովմ են տարուել պատասխանատուութեան համար. սակայն անպատիժ են մնացել, որովհետև իրենց վկայութեան համաձայն` նրանց արքայութիւնը այս աշխարհից չէ:
Հրէայ քրիստոնեաների մէջ նկատելի է երկու ուղղութիւն. մէկը` աւելի մեղմ, նման առաքեալների ժամանակ եղած հրէական քրիստոնէութեան, միւսը` կազմուած Պօղոսի հակառակորդ փարիսեցիական կուսակցութեան կողմից և չափազանց խստապահանջ: Առաջին տեսակի մեղմ կուսակցութեան գործերից է Յակոբոսի թուղթը, որը եթէ Տեառնեղբայրը ինքը չէ գրել, անշուշտ նրա հոգու արտադրութիւնը պէտք է համարել: Հրէութիւնից բոլորովին բաժանուած, յետագայում այս հրէական քրիստոնեաների մի մասը անշուշտ շատ մօտեցել է իւր հեթանոս քրիստոնեայ եղբայրներին. բայց մի մեծ մասն էլ մնացել էր բոլորովին հակառակ հեթանոս քրիստոնէութեան, խիստ կերպով պահում էր օրէնքները և հրէական միւս սովորութիւնները և այդպիսով կամաց կամաց հերձուածի բնաւորութիւն ստանում: Առաջին ուղղութիւնը տարածուած էր հռովմէական աշխարհի արևմտեան մասում. իսկ երկրորդը` սեմական արևելքում: Արդէն Յուստինոսը տարբերում է նրանց: Նա ճանաչում է այնպիսիներին, որոնք հրէական օրէնքները ըստ կարեկւոյն պահպանում են, բայց միևնոյն բանը չեն պահանջում իրենց հեթանոս եղբայրներից. բայց կան նաև այնպիսի հրէաներ, որոնք բոլոր քրիստոնեաներին ուզում են ստիպել օրէնքը պահպանել, իբրև փրկութեան համար անհրաժեշտ մի բան: Այս վերջին հրէաները ստանում են «Էբիոնիտ» անունը:
Ամենից առաջ Տերտուլիանոսը, ապա Հիերոնիմոսը այս աղանդի հիմնադիր են համարում ՚Էբիոնՙ անունով մէկին. բայց այդ միանգամայն սխալ է: Էբիոն բառը նշանակում է ՚Խեղճ, աղքատ, հեզՙ, և այդպէս կոչւում էին հրէաների մէջ նոքա, որոնք Մեսիայի գալստեանն էին սպասում, մեծամեծների ու հարուստների դէմ արդարութիւն գտնելու համար: Անշուշտ այս հրէական անունն է, որ մնացել է նաև հրէայ քրիստոնեաների վրայ: Եւ յիրաւի, ո՜չ Իրենիոսը (Երանոս), և ո՜չ էլ Օրիգենէսը «Էբիոն» անունով աղանդաւոր չեն ճանաչում: Այս Էբիոնիտ քրիստոնեաների առաձնայատուկ նշանն այն է, որ նոքա Քրիստոսին համարում են բնական կերպով ծնուած մարդ, որը Յովհաննիսի մկրտութեան շնորհիւ մեսիա է դարձել: Միւս նշաններն են` մովսիսական օրէնքի պահպանութիւն, թշնամութիւն օրէնքի հակառակորդ, ուրացող Պօղոս առաքեալի դէմ և յոյս մեսիական հազարամեայ թագաւորութեան: Պօղոսի փոխարէն սոցա գրականութեան մէջ մեծ տեղ են բռնում Պետրոսը և Յակովբոսը:
Եւսեբիոսի վկայութեան համաձայն (Եկ. Պատմ. III, 25) բոլոր հրէայ քրիստոնեաների համար շատ կարևոր նշանակութիւն ունէր Եբրայեցւոց աւետարան կոչուածը: Այս աւետարանը ըստ աւանդութեան գրած պէտք է լինի բոլոր տասն և երկու առաքեալների կողմից` Մատթէոսը: Սա մեր այժմեան Մատթէոսի աւետարանին շատ մօտ է, և նրա համաձայն Յակովբոս Տեառնեղբայրն էլ մասնակցել է խորհրդաւոր ընթրիքին:
Էբիոնիտ էր նշանաւոր Սիւմաքոսը` Բ. դարու վերջին, որ Հին Կտակարանը շատ հարազատ կերպով Յունարէն թարգմանեց: Սիւմաքոսը գրած պէտք է լինի նաև մի, Դ. դարում դեռ յայտնի, յիշատակարան, որի մէջ նա իւր հերետիկոսական կարծիքներն է պաշտպանում. անշուշտ, ինչպէս Եւսեբիոսն ուղիղ կերպով նկատում է, Յիսուսի կուսական ծննդեան դէմ (Եւսեբ. VI. 16, 17.): Այս նոյն շրջանից է ծագել անշուշտ նաև 1892 թուին Սինայում գտնուած ասորերէն աւետարանը, որը Մատթէոսի աւետարանի համապատասխան տեղը առանց կուսական ծննդեան է պատմում (Յակովբ ծնաւ զՅովսէփ. Յովսէփ, որում խօսեցեալ էր Մարիամ կոյս, ծնաւ զՅիսուս, որ անուանի Քրիստոս):
Էբիոնիտները ժամանակի ընթացքում զանազան կուսակցութիւնների են բաժանւում և պահպանում են իրենց գոյութիւնը, եկեղեցական հայրերի վկայութեան համաձայն, դեռ մինչև Ե. դարը:
Հրէական քրիստոնէութիւնն այնուհետև կամաց կամաց խառնւում է ժամանակի փիլիսոփայական և այլ երևոյթների հետ և կամ դէպի կորուստ է դիմում, կամ իբրև նոր աղանդ է հանդէս գալիս: Այդպիսի մի աղանդ էր օրինակ` շատ մօտիկ գնոստիքականութեան, Խելքեսայականութիւնը: Շատերը կարծում են, թէ Խելքեսայ աղանդի հիմնադրի անունն է (օրինակ Եպիփան Կիպրացին). բայց այդ հիմնովին սխալ է: Խել քսայ բառը նշանակում է ծածկուած զօրութիւն, և անշուշտ այս աղանդաւորների Սուրբ Գրքի անունն է: Եպիփան Կիպրացու վկայութեան համաձայն սոքա իրենք իրենց անուանում էին Արևապաշտներ=Շամշացիք: Քրիստոնէականը այս ձևի բոլոր աղանդների մէջ միայն այն է, որ ընդունւում է Յիսուսի մեսիականութիւնը: Նոքա մկրտում են յանուն ամենաբարձրեալ Աստուծոյ և նրա որդու` Մեծ Թագաւորի (=Մեսիա): Իսկ Յիսուսը նոցա համար գաղափարական Ադամի կամ նախամարդու մարմնացումն է, որին համարում են նոքա նաև ամենամեծ հրեշտակապետը. այնպէս որ դրանով հնարաւոր է դառնում քրիստոնէութիւնը թէ իբրև առանձին յայտնութիւն, և թէ միևնոյն ժամանակ իւր բոլոր գլխաւոր մասերով նոյնն համարել, ինչ որ հրէութիւնն է:
Այդ գաղափարը, որ միևնոյն ժամանակ մի տեսակ կրօնա-փիլիսոփայական արդարացումն է հրէական-քրիստոնէութեան, արտայայտուած է գլխաւորապէս սուտ-կղեմէսեան գրականութեան մէջ, որ ամենայն հաւանականութեամբ արևելեան Ասորիքում պէտք է առաջ եկած լինի: Այս գրականութիւնը կապուած է Հռովմի երէց Կղեմէսի անուան հետ: Կղեմէսը մի ճշմարտութիւն որոնող հեթանոս է ներկայանում այստեղ. իսկ Պետրոս առաքեալը վաւերական, ճշմարիտ հրէութիւնից ոչնչով չտարբերուող քրիստոնէութեան ներկայացուցիչն է, որ Սիմէօն կախարդին, այդ հերետիկոսութեան ներկայացուցչին, կէտ առ կէտ յաղթահարում է: Սիմէօն կախարդի կարծքինէրի մէջ գտնուում են գնոստիքական հասկացողութիւններ և Պօղոս առաքեալի նմանողութիւն: Իսկ Պետրոս առաքեալը Հրէական Էբիոնիտների ներկայացուցիչն է: Այս զուտ հրէայ քրիստոնէական գրականութիւնը այնուհետև խմբագրած և յարմարեցրած է նաև միւս քրիստոնեաների համար:
Հրէական քրիստոնէութիւնը քանի գնում աւելի է խառնուում օտար տարրերի հետ: Այդ խառնուրդի շնորհիւ առաջ են գալիս նոր աղանդներ, ինչպէս օրինակ Հեմերոբաբտիստները (ամեն օր մկրտուողները): Այս աղանդը շարունակողներն են արևելքում Մոգդասիլահները և Սաբիացիք կամ Մկրտողները, որոնք մեզ մինչև Մանի և Մոհամմէդ են հասցնում: Այսպիսով ամբողջ հրէայ քրիստոնէական շարժումը իւր վախճանն է գտնում նոր «Տիեզերական կրօնների» մէջ, ուր հրէական և քրիստոնէական գաղափարները հաւասար չափով ընդունելութիւն են գտնում:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ