Քրիստոնեության տարածումը երրորդ դարում

 «Հռովմայեցւոց շնորհիւ աշխարհը խաղաղութիւն է վայելում և մենք անվախ մեր ճանապարհն ենք գնում ու ծովերն ենք անցնում, ուր որ կամենում ենք», ասում է Իրենիոսը (IV. 30): Միայն կոչմամբ աւետարանիչների մասին չէ այստեղ խօսքը, որոնց մասին յիշատակում է նաև Եւսեբիոս (V. 10): Կենդանի հաղորդակցութիւնը և հասարակ քրիստոնեաների հաւատոյ նկատմամբ ցոյց տուած եռանդն էլ նպաստում էին աւետարանի տարածմանը (Օրիգենէս): Վաճառականները իրենց ապրանքների հետ նաև իրենց հաւատն էին փոխադրում տեղից տեղ, ինչպէս և զինուորները իրենց բանակատեղիները փոխելով: Կամաց կամաց այս բանաւոր միջոցի հետ միասին քրիստոնէական գրականութիւնն է հանդէս գալիս իբր— աւետարանի տարածման միջոց. ի հարկէ շատ քարոզիչներ կգտնէր այն կրօնը, որ ժամանակի տրամադրութեանն այնքան մօտիկ էր: Բնականաբար քրիստոնէութիւնը առաջ քաղաքներում է արմատ բռնում և ապա այնտեղից անցնում նաև գիւղերը:
Արևելքում քրիստոնէութիւնն Անտիոքից մտել էր արդէն առաջաւոր Ասիայի խորքերը. հիւսիս արևմտեան Միջագետքում Եդեսսան շատ շուտով դառնում է Ասորական եկեղեցական կազմակերպութեան և ասորական եկեղեցական գրականութեան կենդրոնը: Դրան ապացոյց է Աբգարի և Քրիստոսի մէջ եղած նամակագրութեան զրոյցը. յամենայն դէպս Եդեսսայում արդէն Բ. դարում քրիստոնէութեան գոյութիւնը ապահով է: Արդէն Տատիանոսը գործել էր ասորական արևելքում. 179-216 Եդեսիայում իշխում է Աբգար IX. Բար Մանուն, քրիստոնեայ գոնստիկեան Բարդեզանէսի բարեկամն ու նրա շնորհիւ քրիստոնէութիւն ընդունողը: Այդ ժամանակներից յայտնի են Եդեսական դրամներ խաչի նշանով, և այսպէս կոչուած Եդեսսական ժամանակագրութիւնը պատմում է, որ 201-ին քրիստոնէական եկեղեցին մի հեղեղի շնորհիւ քանդուել է: Այստեղից Բարդեզանէսը քարոզչութեան է ելել նաև Հայաստան. մինչև անգամ Պարսկաստանում ամենայն հաւանականութեամբ Դ. դարու սկզբին քրիստոնէական համայնքներ կային: Որոշ է, որ Տիգրիսից արևելք գտնուող Գարամէա նահանգում 170 թուից առաջ արդէն քրիստոնեաներ կային:
Անտիոքից յետոյ արևելքի ամենանշանաւոր կենդրոնն է Աղէքսանդրիան, աշխարհի Բ. մայրաքաղաքը: Քրիստոնէութիւնն այստեղ տարածուել էր նախ Նեղոսի Դելտայի հրէական և յունական ազգաբնակութեան մէջ, բայց շուտով նաև սկսել էր արմատ բռնել բուն եգիպտական կամ կոպտական ազգաբնակութեան մէջ, ինչպէս այդ ցոյց են տալիս Կոպտական Նոր Կտակարանի թարգմանութիւնը Գ. դարում և Կոպտերէն մնացած գնոստիկական գրուածները: Շուտով քրիստոնէութիւնը տարածւում է նաև Միջին և Վերին Եգիպտոսում: Բ. դարում Գնոստիկեան գրուածները Կոպտերէն լեզուով, իսկ Գ. դարում Աղէքսանդրիայի կատեխետների դպրոցը ցոյց են տալիս վերջին քաղաքի մեծ նշանակութիւնը` իբրև գլխաւոր կենդրոն կրօնական շարժման և քրիստոնէական կրթութեան: Եգիպտոսից Արևմուտք` Կիւրենայիկայում Բ. դարու կիսին արդէն ապացուցուած է քրիստոնեաների գոյութիւնը, իսկ Եգիպտոսից Արևելք Արաբիայում թերևս հնարաւոր է մինչև իսկ առաքելական սկզբնաւորութիւն ընդունել (Մատթէոս, Բարդուղիմէոս): Այսպէս կոչուած Պետրէական Արաբիայում Բոստրա մայրաքաղաքով արդէն Գ. դարում քրիստոնէական ժողովներ են լինում, որոնց մասնակցել է նաև Օրիգենէս: Եւսեբիոսի պատմելով Աղէքսանդրիայի կատեխետների դպրոցի Ա. մեզ ծանօթ ուսուցիչը քարոզել է Հնդկաստանում. այս Հնդկաստանի տեղ ամենայն հաւանականութեամբ երջանիկ Արաբիան պիտի հասկանալ, մանաւանդ որ հին աշխարհագրական հայեացքները անորոշ են այդ մասին:
Փոքր Ասիայի եկեղեցին Բ. դարու Բ. կիսին Զմիւռնիայի և գլխաւորապէս Եփեսոսի առաջնորդութեամբ հեղինակաւոր դիրք է ձեռք բերում, և մրցում է մինչև իսկ Հռովմի հետ: Գ. դարում նրա նշանակութիւնը նորից ընկնում է: Բայց քրիստոնէութիւնը տարածուած էր մինչև Կապադովկիա (Կեսարիա) և հիւսիսում Փափղագոնիա: Մենք տեսանք որ Մոնտանական շարժումը Փռիւգիայից դուրս եկաւ: Իսկական Յունաստանում բացի հին գ նշանաւոր Կորնթոսի համայնքից, որ կարծես հեղինակաւոր նշանակութիւն է ունեցել (Եւս. V. 23), համայնքներ կան նաև Աթէնքում, Լակեդեմոնում ևլն. Կրետէի և Մելոսի վրայ ևս շատ համայնքներ կան և նոյն իսկ Բիւզանդիոնում Սեպտիմոս Սեւերոս կայսեր ժամանակ (193-211) բաւական թուով քրիստոնեաներ գոյութիւն ունին:
Արևմուտքում Հռովմը այժմ էլ մնում է իսկական առաքելանիստը (sedes apostolica) և դրանով էլ ամենահեղինակաւոր կենդրոնը: Իսկական Հռովմայեցւոց հետ միանում են նաև պետութեան զանազան մասերից եկած օտարները, բայց յունական անունները դեռ գերակշռում են և մինչև Գ. դարը յունարէնն է Հռովմի քրիստոնէական համայնքի գրական լեզուն: Կատակոմբաները ցոյց են տալիս, որ շատ շուտով խիստ խորն էր թափանցել քրիստոնէութիւնը ստորին ազգաբնակութեան մէջ և միևնոյն ժամանակ իւր տեղն էր գրաւել նաև բարձր շրջաններում: Թերևս արդէն Բ. դարի վերջին, Սեւերոսի տուած թաղման ընկերութեանց վերաբերեալ մեղմ հրովարտակի շնորհիւ, քրիստոնեաներն էլ իբրև մի այդպիսի ընկերութիւն իրենց համար յատուկ գերեզմանոց ձեռք բերած լինին: Անշուշտ Հռովմից է անցել քրիստոնէութիւնն ոչ միայն Իտալիա, այլ և Պրոկոնսուլարական Աֆրիկա, ուր Կարթագենը կենդրոն է դառնում: Տերտուլիանոսն ասում է` ամբողջ Կարթագենը պէտք կլինէր սրի անցկացնել, եթէ ուզենային այնտեղ քրիստոնեաների հալածանքը մինչև վերջին ծայր հասցնել. նրան յայտնի են նաև քրիստոնեաներիգ երեզմանոցները: Կարթագենի և շրջապատի քրիստոնէութեանը շուտով միանում է Նումիդիան և Մաւրետանիան: Կարթագենի Ագրիպպինոս եպիսկոպոսի ժամանակ (մօտ 200-220), որ մեզ յայտնի ամենահին եպիսկոպոսն է այստեղ, կայացել է մի ժողով 70 աֆրիկական և նումիդիական եպիսկոպոսներից բաղկացած:
Սպանիայի եկեղեցին էլ առաքելական են ուզում համարել, բայց այդ կարծիքը հիմնւում է միայն Պօղոսի Հռովմ. թղթում (ԺԵ. 24) արտայայտած ցանկութեան վրայ` Սպանիա էլ անցնել քարոզելու համար: Սակայն Իրենիոսն ու Տերտուլիանոսը վկայում են, որ այս Հռովմի հետ մեծ յարաբերութեան մէջ եղած նահանգում արդէն Բ. դարում քրիստոնէութիւն կար: Գալլիայում միայն Մարկոս Աւրելիոս կայսեր ժամանակ հանդիպում են մեզ Վիեննի և Լուգդունումի (Լիոնի) համայնքները Պրովանս նահանգում. նոցա սկզբնաւորութիւնը մեզ ոչ թէ դէպի Հռովմ է տանում, այլ դէպի Իրենիոսի հայրենիքը` Փոքր Ասիա, որտեղի համայնքների հետ սոքա սերտ յարաբերութեան մէջ են:
Միւս հռովմէական Պրովինցների, ինչպէս Բրիտանիայի և հռովմէական Ալպերի ու Դանուբի երկիրների մասին այս ժամանակի համար ոչինչ հաստատ ասել չենք կարող. թէև բնական է, որ շնորհիւ հռովմէական զօրքերի մինչև այս սահմաններն էլ քրիստոնէութիւնը հասած լինի: Տերտուլիանոսը հռետորական բացագանչութեամբ քրիստոնէութեան տարածումը այնքան է չափազանցեցնում, որ բոլոր ազգերի մէջ արդէն քրիստոնէութիւնը տարածուած է տեսնում: Յուստինոսն էլ նոյնպիսի չափազանցութեամբ և անորոշ կերպով ասում է. «Քրիստոնէութիւնը մուտք է գործել ամբողջ աշխարհում, Յունաց և բարբարոսների մէջ», վերջիններիս բաժանելով 3 կարգի, որոնք են` կառքի մէջ բնակուողներ, նոմադներ և վրանաբնակներ: Այսքանը պարզ է, որ այդպիսի բոլոր արտայայտութիւնների մէջ յաղթողի բարձր զգացումներն են նկարագրուած: Եւ քրիստոնեաները պատճառ ունէին եղածով գոհ լինելու և յաղթութիւնն իրենցն համարելու:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ